Աժ հայտարարությունների ժամին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ քաղաքական աշնան մեկնարկած հետաքրքիր և բուռն զարգացումներին` ներքին և արտաքին քաղաքականության բնագավառներում` մասնավորապես սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, որը, նրա գնահատմամբ, արդյունավետ է դաշնակից երկու պետությունների համար:
«Առաջին` կողմերը հայտարարեցին, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի բացառապես քաղաքական լուծում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Սա նշանակում է, որ հարևան Ադրբեջանի և նրա ավագ եղբայր Թուրքիայի՝խնդրի լուծման այլընտրանքային,
այդ թվում` ռազմական նկրտումները հօդս են ցնդում:
Երկրորդ, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին արդիականացնելու եւ դիվերսիֆիկացնելու թե՛ երկրի տնտեսությունը և թե՛ էներգետիկ անվտանգության համակարգը: Այս խնդիրը հավելյալ կարևորություն է ստանում հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների համատեքստում:
Եվ երրորդ, երկու դաշնակից պետությունները պատրաստակամություն հայտնեցին մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցություն ծավալելու, մասնավորապես, հայկական կողմը քաղաքական հայտարարությամբ ազդարարեց, որ պատրաստ է միանալու Մաքսային միությանը, որը նոր տնտեսական հնարավորություններ կընձեռի մեր երկրի արտադրողին»:
Շարմազանովի դիտարկմամբ` նախագահի հայտարարության համատեքստում հստակ նշվեց, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու իր քաղաքական երկխոսությունը Եվրոպայի հետ. «Սակայն արի ու տես, որ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը, չգիտես ինչու, ոմանց համար դարձավ ամպրոպ անամպ երկնքում: Սկսեցին շրջանառվել ամենատարբեր կարծիքներ, հասարակությունը արհեստականորեն բաժանվեց ռուսամետների և արևմտամետների»:
Շարունակելով ելույթը` Շարմազանովը նշեց, որ Հայաստանի ժողովուդն իր ընտրությունը կատարել է դեռևս 1991-ի սեպտեմբեի 21-ին՝ բռնելով անկախ պետականության ուղին և որ պետական շահի գերակայությունից ելնելով` տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները խորացրել են հարաբերությունները մեր ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի հետ՝ միեւնույն ժամանակ զարգացնելով երկխոսությունը եվրոպացի եւ այլ գործընկերների հետ:
ՀՀԿ խոսնակը կարծում է, որ նրանք, ովքեր Հայաստան-Եվրոպա հարաբերություններում փորձում են վերջակետ դնել, մեղմ ասած, սխալվում են, քանզի եվրասիական և եվրոպական տնտեսական ինտեգրման գործընթացներմն իրենք դիտարկում ենք որպես փոխլրացնող և պատրաստակամ են շարունակելու երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ և հետամուտ լինել բարեփոխումների իրականացմանը:
Ամփոփելով խոսքը՝ նա նկատեց, որ ամենևին կարիք չկա մութ սենյակում սև կատու փնտրել, հատկապես երբ կատուն այնտեղ չէ:
Tags: Ազգային ժողով, Էդուարդ Շարմազանով
