Խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն, անդրադառնալով Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահի որոշմանը, ասաց.«Մենք պետք է ոչ թե ենթարկվենք ճնշումներին և տրվենք սին խոստումներին, այլ առաջնորդվենք մեր պետության ազգային անվտանգության հստակ կեցվածքով»:
Հակոբյանի կարծիքով` Արևմուտքը գիտակցում է, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական դաշնակցին եվրաինտեգրելը զգալիորեն կթուլացնի Ռուսաստանի ազդեցությունը և Արևմուտքն ունի հեռահար այլ նպատակներ: Միաժամանակ քաղական գործիչը կարծում է, որ Ռուսաստանը նույնպես գիտակցում է պահի լրջությունը և գիտի, եթե Հայաստանը ինտեգրվի եվրոպական կառույցներին, նա ընդհանրապես կորցնելու է Հարավային Կովկասը` նկատի ունենալով Անդրկովկասի երկու հանրապետությունների հետ իր ոչ լավ հարաբերությունները:
«Այլ խոսքով` Հայաստանի միանալը այս երկու այլընտրանքներից որևէ մեկին ունի չափազանց բարձր գին և բացառիկ քաղաքական նշանակություն»,-ընդգծեց նա:
Իսկ բարձր գինն ու բացառիկ քաղաքական նշանակությունը, ըստ Հակոբյանի, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է: Նրա խոսքով` Հայաստանի համար գլխավոր ուղենիշ պետք է լինի այն, թե գործնականում ով է պատրաստ ճանաչել ԼՂՀ անկախությունը: Միաժամանակ նա ընդգծեց, որ Ռուսաստանը, շատ լավ իմանալով, որ Ղարաբաղը` որպես անկախ միավորում, առավել կայացած է, քան Աբխազիան կամ Հարավային Օսեթիան, տարբեր պատճառներով չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը:
Պատգամավորը հորդորում է չշտապել, այլ կարողանալ հստակ պահանջարկ-առաջարկով ներկայանալ միջազգային հրապարակային դաշտ: Միաժամանակ նա ընդունում է, որ և՛ Ռուսաստանը և՛ Եվրամիությունը ԼՂՀ հարցում կիրառում են երկակի ստանդարտներ:
Ինչ վերաբերում է ԼՂՀ անվտանգությանը, ապա Ռուբեն Հակոբյանի կարծիքով, դրա համար առավել իրատեսական երաշխավոր կարող են լինել ոչ թե «սմերչներն» ու չինական զինատեսակները, այլ ԼՂՀ ճանաչումը:
Tags: Ազգային ժողով, Ռուբեն Հակոբյան