Աշխարհի ֆուտբոլի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալել էր Դանիայի ընտրանուն:
Հանդիպումը կարևոր էր երկու թիմերի համար, քանի որ երկուսն էլ 7 խաղից հետո ունեին 9-ական միավոր և պարտվողը կորցնելու էր խմբից դուրս գալու բոլոր հույսերը:
Թեև մրցակցի հարկի տակ մերոնք առավելության էին հասել 4:0 հաշվով, սակայն պատասխան խաղից առաջ մտավախություն կար: Փաստն այն է, որ ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը 4 պարտություն էր կրել, որից 3 անգամը ձախողվել էր տանը:
Զարմանալին այն է, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մրցամարտի նախօրյակին հայտնել էր, որ իր ղեկավարած թիմը պաշտոնական խաղերում Երևանում լավ է հանդես գալիս և վատ է անցկացրել միայն Մալթայի թույլ հավաքականի հետ հանդիպումը:
Ցավոք, մեր երկրի ընտրանին հերթական անգամ պարտվեց 0:1 հաշվով։ Սա տխրահռչակ ռեկորդ է` 4 խաղ տանը և 4 պարտություն:
Ընդ որում, մերոնք մրցակցի դարպասին ոչ մի վտանգավոր հարված չկատարեցին: Միայն կարելի է առանձնացնել, որ երկրորդ խաղակեսում խառն իրավիճակում գնդակ ուղղվեց դանիացիների դարպասը և դիպավ հորիզոնական դարպասաձողին
Դրանից հետո, 73-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, ստացավ երկրորդ դեղին քարտը, հեռացվեց։ Նա բաց կթողնի նաև հաջորդ խաղը: Մրցավարը 11 մետրանոց տուգանային հարված նշանակեց: Իսկ Դանիել Ագերը հստակ իրացրեց այն։
Ի դեպ, հաջորդ հանդիպմանը չի մասնակցի նաև Արթուր Եդիգարյանը, որի այս խաղի ժամանակ ստացած դեղին քարտը երկրորդն է:
Հայաստանի հավաքականի հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 11-ին: Այն Երևանում կհուրընկալի Բուլղարիայի ընտրանուն:
Տեխնիկական արդյունքներ
Հայաստան - Դանիա՝ 0:1
Դանիել Ագեր, 73 (11մ.)
Հեռացվեց Վարազդատ Հարոյանը, 73 (Հայաստան)
Հայաստանի հավաքականի կազմը. Գևորգ Կասպարով, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Հրայր Մկոյան, Լևոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան (Արթուր Սարկիսով, 27, Սարգիս Ադամյան, 46), Արթուր Եդիգարյան, Արազ Օզբիլիս, Գևորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի (Դավիթ Մանոյան, 70):
Դանիայի հավաքականի կազմը. Ստեֆան Անդերսեն, Նիկի Զիմլինգ (Կասպոր Սլոթ, 45+2), Դանիել Ագեր, Նիկոլայ Բոյլեսեն, Անդրեաս Բիելանդ, Պետեր Անկենսեն, Ուիլյամ Կվիստ, Կրիստիան Էրիկսեն, Միքայել Կրոն-Դեյլի, Նիկի Բիլե Նիլսեն, (Սիմոն Կրիստոֆերսեն, 83) Մարտին Բրայթվեյթ (Վիկտոր Ֆիշեր, 66):
Tags: Հայաստանի ֆուտբոլի հավաքական, սպորտ, ֆուտբոլ