Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը բաց նամակով դիմել էր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով նրա օժանդակությունը ցմահ ազատազրկման դատապարտված անձանց մի շարք խնդիրների հետ կապված:
Օմբուդսմենի հանձնարարությամբ` Մարդու իրավունքների պաշտպանի ազատազրկվածների հարցերով խորհրդական Երանուհի Թումանյանցն ու Բռնությունների և խոշտանգումների կանխարգելման բաժնի ավագ մասնագետ Վլադիմիր Բաղդասարյանը երեկ այցելել են Արմենակ Մնջոյանին, նրա հետ քննարկել դիմումում արծարծված խնդիրները, պարզաբանել Պաշտպանի լիազորությունները և բարձրացված հարցերի առնչությամբ Պաշտպանի կողմից մինչ այս ձեռնարկված միջոցառումները: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:
Միաժամանակ, Օմբուդսմենն Արմենակ Մնջոյանի կողմից բարձրաձայնված խնդիրներին լուծում տալու նպատակով, հանձնարարել է սկսել խորքային ուսումնասիրություն ցմահ ազատազրկման դատապարտված անձանց գործերի վերաբերյալ համակարգային խնդիրները վերհանելու և Պաշտպանի լիազորությունների շրջանակում լուծումներ գտնելու նպատակով:
Կատարված աշխատանքների արդյունքների հետ կապված Պաշտպանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արտահերթ հրապարակային զեկույցով:
Tags: ՄԻՊ