«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ 2013թ.-ի սեպտեմբերի 10-ից 12-ը իրականացնում է Եվրոպական Միության Արդարադատության Դատարանի (տեքստում նաև ԵՄԱԴ) առաջին մոդելային դատախաղ-մրցույթը Հայաստանում: Դատախաղի հաղթող թիմը ուսումնաճանաչողական այցելություն է իրականացնելու Եվրոպական Միության Արդարադատության Դատարանում, որը տեղակայված է Լյուքսեմբուրգում: Այցելության ծրագիրը ընդգրկելու է նաև Եվրոպական Միության մի քանի այլ կառույցներ:
Ծրագրի ղեկավար Հայկուհի Հարությունյանի խոսքերով՝ դատախաղ մրցույթը իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում և խոստումնալից մրցույթ է լինելու: «Միջոցառման նպատակն է ներազդել ՀՀ-ում դատական ու իրավական պրակտիկայի զարգացման վրա՝ առաջատար դատական համակարգերի մոդելների ներկայացմամբ»,-ավելացրել է Հայկուհի Հարությունյանը:
Մրցույթի բանավոր փուլին կմասնակցեն Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանում ամերիկյան համալսարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետների և Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի թիմերը: Մասնակից թիմերը կազմված են 3 կամ 4 անդամից, մրցույթի ընթացքում յուրաքանչյուր թիմին աջակցելու է թիմի մարզիչը: Դատախաղ մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 11 թիմ 8 ուսումնական հաստատություններից:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն հրավիրել է փորձառու իրավաբանների, բարձր որակավորում ունեցող եվրոպական միության իրավունքի մասնագետների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցել որպես դատավոր մրցույթի բանավոր փուլի դատալսումներին:
Դատախաղի գործը ներկայացնում է ԵՄ անդամ չհանդիսացող պետության քաղաքացիների հայցապահանջները Եվրոպական Միության կառույցների դեմ: Դիմումատուների քաղաքացիության երկիրը փոխկապակցված է ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրով: Նման դատավարական վեճի շուրջ աշխատելը՝ հայ երիտասարդ իրավաբանների համար մի հնարավորություն է պատկերացնելու համար ԵՄ անդամ չհանդիսացող երկրի քաղաքացիների իրավունքների պաշտպանության հնարավորությունները ԵՄ ատյանների առջև ԵՄ իրավունքի հիման վրա:
Դատախաղի հայկական մոդելը զարգացնելիս՝ Դատախաղի կազմակերպչական թիմը ուսումնասիրել է ԵՄ Արդարադատության Դատարանի միջազգային դատախաղ-մրցույթի ընթացակարգերը, ինչպես նաև ԵՄ Արդարադատության Դատարանի դատավարական ընթացակարգերն ու գործունեությունը: Հայկական դատախաղում հնարավորինս վերարտադրված են իրական ԵՄԱԴ-ի ընթացակարգերն ու գործունեության կանոնները:
Դատախաղ-մրցույթի կազմակերպչական փուլում մրցույթի դիմողները մասնակցել են նախապատրաստական դասընթացի: Մրցույթի կազմակերպիչներն ու փորձագետները մասնակիցներին առաջարկել են նաև վերաբերելի գրականություն և ռեսուրսներ, ներառյալ ԻՊԱՍ-ի փորձագետների կողմից մշակված՝ԵՄԱԴ-ի նախադեպային գործերի ժողովածուն:
Դատախաղի եզրափակիչ փուլը բաց է հանրության համար: Կազմակերպությունը հրավիրում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ԶԼՄ-ներին, ինչպես նաև բոլոր հետաքրքրված անձանց մասնակցել միջոցառմանը:
Դատախաղ-մրցույթը իրականացվում է «ՀՀ-ում արդարադատության համակարգի հզորացում՝ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով» նախագծի շրջանակներում: Նախագիծը իրականացվում է 2013թ.-ի հունվարից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ: Սույն ծրագրի ԵՄ ֆինանսավորումը կազմում է 149,491 եվրո: Նախագծի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ-ում Եվրոպական Միության, ԵՄ իրավունքի, ԵՄ արդարադատության համակարգի վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ու տեղեկատվության տարածմանը՝ իրազեկման բարձրացման տարաբնույթ հանրային միջոցառումների կազմակերպման միջոցով:
