Եվրոպայի և Ասիայի հարցերով Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Ռեյչել Դենբերը հերքել է պաշտոնական Բաքվի քննադատությունը՝ կապված իրենց ոչ օբյեկտիվ լինելու հետ:
Մասնավորապես, Ադրբեջանի կառավարությունը դժգոհություն է հայտնել կազմակերպության վերջին զեկույցի կապակցությամբ, որտեղ ասվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից նախագահական ընտրությունների նախաշեմին քաղաքացիական հասարակությանը ճնշելու մասին: Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչները մեղադրել են HRW-ին Ադրբեջանի թշնամիների և հայկական լոբբիի հետ համագործակցելու մեջ, հաղորդում է “Թուրան” գործակալությունը:
“Տարօրինակ էր լսել բոլոր այդ մեղադրանքները և գիտակցել, որ Ադրբեջանի իշխանությունները քննադատությունն այդքան նեղ տեսանկյունից և պրիմիտիվորեն են ընկալում: Ինչո՞ւ մարդու իրավունքների վիճակը բարելավելու կոչերը պետք է գնահատել որպես աջակցություն թշնամիներին: Հիմնարար իրավունքները ճնշելու մասին մեր զեկույցը նախապատրաստվել է 18 ամիս: Ճնշելու գործընթացը սկսվել է մեկ տարի առաջ և ընտրությունների նախաշեմին ավելի է սաստկացել”,- նշել է Ռեյչել Դենբերը:
Ի պատասխան այն հարցին, թե ինչպես պետք է իշխանությունները բարելավեն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, Դենբերն ասել է, որ առաջին հերթին պետք է ազատ արձակել բոլոր այն ակտիվիստներին, որոնց ձերբակալել են հորինված մեղադրանքների հիման վրա և որոնց անունները նշված են զեկույցում: Այդ կերպ իշխանությունները կապացուցեն, որ ակտիվիստների, լրագրողների եւ քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների վրա հարձակումների դեպքերը հետաքննելու նրանց մտադրությունները լուրջ են, այլ ոչ թե պարզապես բառեր են, ընդգծել է նա:
