«Հազիվ էր հասարակությունը համակերպվել մոսկովյան գույժի հետ, մեկ էլ վարչապետը Պեկինում հայատարում է, որ Հայաստանը մտադիր է նաև Շանհանյան համագործակցության կազմակերպությանը` ՇՕՍ-ին միանալ: Սա նորօրյա կոմպլեմենտար դիվանագիտություն է՞, ով ուր գնում է, ինչ որ մի նոր միության միանում է»,-Ազգային ժողովում այսօր հարց բարձրացրեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Նա հիշեցրեց, որ չորս տարի առաջ, երբ կառավարությունը ներկայացրել է իր ծրագիրը, որտեղ սևով սպիտակի վրա գրված են այն առաջնայնությունները, որոնք Հայաստանի կառավարությունը պետք է իրականացնի, որևէ խոսք չի եղել ՇՈՍ-ի կամ Մաքսային միության մասին: Ուստի պատգամավորը կարծում է, որ կառավարությունը կա´մ պետք է ներկայացնի նոր ծրագիր` հաշվի առնելով այս նոր իրողությունները և բազմավեկտոր իր քաղաքականությունը և ստանա ԱԺ-ի հավանությունը, կա´մ ներկայացնի իր հրաժարականը:
Բարձրացված հարցին պատասխանեց արտգորխծնախարար Է. Նալբանդյանը` պարզաբանելով, որ խոսքը գնում է ոչ թե Հայաստանի անդամակցությանը ՇՕՍ-ին, այլ ընդամենը դիտորդի կարգավիճակի մասին: Ինչ վերաբերում է սեպտեմբերի 3-ի որոշմանը` կապված Մաքսային միությանը միանալու հետ, ապա արտգործնախարի խոսքով ժամանակին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որ ուսումանսիրի այն եղանակները, թե ինչպես Հայաստանը համագործակցել Մաքսային միության հետ: Ըստ Նախարարի, բոլոր եզրակացությունների հիման վրա պարզ է դարձել, որ այդ համագործակցությունը հնարավոր է:
«Ամեն ինչի մասին շատ պարզ հայտարարվել է, և եթե լրացուցիչ պարզաբանումների կարիք լինի կամ ԱԺ-ի կողմից որևէ փաստաթուղ վավերացնելու, ապա Դուք ևս հնարավորություն կունենաք ձեր տեսակետն արտահայտելու»,-ասաց նախարարը:
Արզումանյանը պատասխանեց. «Դուք վերահքաստատեցիք իմ ասածը, որ տեղի է ունեցել կառավարության ծրագրի վերանայում, շտկում: Բերեք նորացված ծրագիրը և ստացեք Ազգային ժողովի համաձայնությունը այդ ծրագիրն իրականացնելու համար, հակառակ դեպքում` հանձնեք ձեր լիազորությունները, թող նոր կառավարություն նշանակվի, որն էլ բերի այն ծրագիրը, որը դուք ուզում եք շարունակել»:
Նալբանդյանն էլ արձագանքեց` ասելով, որ հայկական կողմից երբևէ որևէ որոշում կամ հայտարարություն չի ընդունվել, որն ուղղված լինի Հայաստանի շահերին դեմ:
Tags: Ազգային ժողով