“Ոնց որ դեպորտ էղած մարդ էղնինք”. գյումրեցիներ

IMG_09802012 թվականի հեկտեմբերին Գյումրիում մեծ շուքով շահագործման հանձնվեցին 1756 բնակարաններ “Մուշ” և “Անի” թաղամասերում: Այդ օրվանից մինչ այսօր նորակաույցներ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մասին բարձրաձայնում են բնակիչները: Մասնավորապես ձմռան  նախաշեմին նրանց անհանգստացնում է գազաֆիկացման հարցը. շատ բնակարաններում  ջեռուցման կաթսաները տեղադրված չեն, մյուսներում առկա է ծխատարների խնդիրը:

Նորակառույցների բնակիչները archive2.ankakh.com-ի հետ զրույցում ներկայացրեցին դեռևս լուծում չստացած պրոբլեմները: “Բնակարանը ստացել ենք անցած տարվա հոկտեմբերի 15-ին, պատուհանները ջարդած էին, դիմում տվեցի` էկան փոխեցին, դրսից “կուխնու” քարերը լրիվ թափած են. դիմում տվեցինք, ոչ էկան, ոչ էլ փոխեցին, լամինատները սաղ փչացած է, էլի դիմում տվեցինք, ոչ մի մարդ չարձագանքեց: Ամենացավոտ կողմը` մենք չիդենք ձմեռն ինչղ պիտի անցնենք: Անցած ձմեռ 4 ամիս ձրի լույս տվեցին` մինչև մարտ ամիսը”, – ասում է բնակչուհի Թերեզա Այվազյանը: Բնակիչներն անգամ էլեկտրաէներգիայի սեփական հաշվիչներ չեն ունեցել, անհատական հաշվիչները միացվել են ապրիլի 1-ով: “Հմի դիմացը ձմեռ է, գազ չունինք, հույս էլ չունինք, թե կունենանք: Իսկ 50 շենքը ոչ գազ ունի, ոչ գազի կաթսա ունի, ոչ էլ տեղադրած է”:
“Տունս 3 սենյականոց է, վեց անձով էինք ստացել, բայց տղես թոռներիս հետ գնացել է դոմիկը կմնա, որովհետև ստեղ հնարավոր չէ, մի հատ փոքր պլիտով ճաշ կեփենք` ժամերով չի էփի: Մի “շտեպցել”, մի “վիկլուչատել” չի աշխատի, առածս թոշակը 28 հազար է, կուտամ օր էդ տան վտանգավոր բաները փոխեմ: Ջուրն էլ երբ ուզենան կուտան, երբ ուզենան չեն տա: Ոնց որ դեպորտ էղած մարդ էղնինք, կոնցլագեր: Խաբեցին մտցրեցին բիսետկեն, ստորագրել տվեցին, թուղթը տվեցին ձեռներս. ոչ զամոկները կաշխատի, մի սենյակի մեջ 3 հատ “շտեպցել” են դրիել, ոչ մեկը չի աշխատի, զուգարաններն ու բաղնիքները վապշե չկա, որ մե բանըմ միացնենք տաքություն տա”, – հարևանուհուն լրացնում է Գևորգ Սարգսյանը:

Այստեղ մեզ բնակիչները փոխանցեցին, որ շուրջ 200 ընտանիքի ջեռուցման կաթսայի փոխարեն ջրատաքացուցիչ են հատկացրել, հետո շատերինը եկել փոխել են ջեռուցման կաթսայով, բայց համակարգերին միացված չեն: “Կառոպկով քցած են, մեզ էլ զգուշացրեցին` ձեռք չտաք պիտի բերենք փոխենք, տիա մի տարին կլրանա ոչ մեկը չի էկել”:

“Մեր ջրի կաթսան տարել փոխել են, ջեռուցման կաթսան են բերել, ըդպես կառոպկով դրած է, մինչև հիմա ոչ մարդ է եկել, ոչ մոնտաժել են, ոչ գազի հույս ունենք, ոչ էլ նորից ձրի էլեկտրաէներգիայի: Ոնց դիմումները տվել ենք, էդպես էլ մնում են` ջարդած դուռ ունենք, ջարդած պատուհան, միջանցքի և խոհանոցի լամինատները լրիվ պոկված թափած են: Ուշադրություն դարձնող չկա”, – ասում է “Մուշ 2” թաղամասի բնակչուհի Սիլվա Մարգարյանը:

“Ծխատարները սխալ չեն կառուցվել: Այլ բան է, որ խնդիր է դրվել ավելի բարձրացնել եղածի անվտանգությունը: Խնդիրն հետևյալն է, հաշվի առնելով, որ գործ ունենք ոչ վճարունակ խավի հետ, և չեն կարողանա անընդհատ վճարումներ կատարել ծխատարների սպասարկման համար: Կառավարության կողմից խնդիր դրվեց ավելի երկարատև օգագործման ծխատար համակարգեր ներդրվեն, որոնք յուրաքանչյուր տարի սպասարկվելու հատուկ կարիք չունենա: Ծխատարների աշխատանքներն արդեն սկսված են, և մինչև ջեռուցման սեզոն` նոյեմբերի 15-ը բոլոր բնակարաններում ծխատարների փոխարինումը կատարվելու է, որպեսզի բնակչությունը կարողանա ջեռուցմամբ ապահովվել: Որևէ կաթսայի փոփոխություն, որևէ բնակարանի քանդում տեղի չի ունենալու, քանի որ ամբողջ համակարգն իրականացված է, մենք անում ենք միայն լրացուցիչ անվտանգության որոշակի գործողություններ”, – փոխանցեց “Գլենդել Հիլզ” ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մելիքյանը:

Tags: