ԱՄՆ պետքարտուղարությունը խստագույնս դատապարտել է Բաքվին

170844ԱՄՆ պետքարտուղարությունը, օգտագործելով արտասովոր ուղղակի եւ ոչ դիվանագիտական լեզու, խստագույնս քննադատել է Բաքվին՝ ամերիկյան դիտորդական առաքելությանը հանկարծակիորեն թույլ չտալով երկիր ժամանել եւ հետեւել նախագահական ընտրությունների նախապատրաստությանը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Ամենայն հավանականությամբ, պետքարտուղարությունը հետ է քաշվել Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություններում արհեստական պարիտետից. ամերիկացի դիվանագետները սկսել են, մասնավորապես, «թվարկել» Բաքվում ժողովրդավարության հետ կապված բազմաթիվ թերությունները եւ կոռուպցիոն խնդիրները:

Պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստատեսության վաշինգթոնյան թղթակից Հայկարամ Նահապետյանի հարցին՝ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում այդ խնդիրներին ուղղակի անդրադարձ է կատարվել: «ԱՄՆ-ը ցավում է, որ Ադրբեջանի կառավարությունը դեմ է ամերիկյան պատվիրակության ձեւավորմանը, որը նախքան ընտրությունները պետք է պաշտոնական այցով մեկներ Ադրբեջան: Արդյունքում՝ այցը չի կայանա»,-ափսոսանք է հայտնել պետքարտուղարությունը:

«Ադրբեջանի կառավարության գործողությունները հարցեր են առաջացնում նախագահական ընտրություններից առաջ տիրող իրավիճակի վերաբերյալ: Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ապահովել ազատ եւ արդար ընտրական գործընթաց, որն արտացոլում է ժողովրդի կամքը: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հարգել հանրահավաքների եւ խոսքի ազատության իրավունքը, ինչպես նաեւ օրենքի գերակայությունը նախագահական ընտրություններից առաջ, ընթացքում եւ հետո: Կոչ ենք անում իշխանություններին աջակցել ընտրություններում հայրենական եւ միջազգային դիտորդների կարեւորագույն աշխատանքներին»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

 

 NEWS.am