Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես գրանցել է նախագահի ևս 4 թեկնածուի, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը։
Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում քարտուղար Արիֆ Մուխտարովն առանձին-առանձին ներկայացրել է թեկնածուներին՝ “Մուսավաթ” կուսակցությունից Հաֆիզ Գաջիև, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Արազ Ալիզադե, “Ազգային զարթոնքի շարժում” կուսակցության նախագահ Ֆարաջ Գուլիև և “Միացյալ ազգային ճակատի” նախագահ Գուդրաթ Հասանգուլիև։
Ապա հանձնաժողովի անդամները բաց քվեարկություն են իրականացրել, որի ընթացքում մեծամասնությունը կողմ է արտահայտվել ներկայացված թեկնածուների գրանցմանը։
Հավելենք` ավելի վաղ ԿԸՀ-ն գրանցել էր գործող նախագահ Իլհամ Ալիևի, “Ումիդ” կուսակցության նախագահ Իգբալ Աղազադեի և խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջի թեկնածությունները։
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 9-ին։
