Արդյո՞ք Եվրոպան պատրաստ է վերաբանակցել

Tevan-Pogosyan_10Այսօր «Ժառանգություն» խմբակցությունից Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցին  լրագրողների հետ հանդիպման էր եկել խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, որն, անդրադառնալով Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահի հայտարարությանը, ասաց. «Եվրամիության հետ չորսուկես տարի բանակցային գործընթաց, որտեղ բնականաբար պատրաստվել է նախագիծ, որին, ցավոք, ոչ ոք ծանոթ չէ, բացի մի խումբ յուրահատուկ մարդկանցից: Բնականաբար կային սպասումներ եվրոպական ուղի ընտրելու, բարեփոխումների գնալու առումով: Իսկ այսօրվա դրությամբ, հասկանալի է, որ այդ փաստաթուղթը` այդ բառերի շրջանակներում, հնարավոր չէ ստորագրել, քանի որ կա հակասություն առնվազն Մաքսային միության և Ազատ գոտու միջև»:

Արդյո՞ք այս կարճ ժամանակում` մինչև նոյեմբեր, Հայաստանի իշխանությունները կարող են կամ Եվրոպան պատրաստակամություն կհայտնի կրկին բանակցային թիմ ձևավորել և վերաբանակցել, Թևան Պողոսյանը դժվարաբում է պատասխանել, սակայն նա շատ է ցանկանում, որ լիներ նախաստորագրված ինչ որ փաստաթուղթ, որի հիման վրա հնարավոր լիներ խորացնել հարաբերությունները և քայլ առ քայլ բացել Եվրոպայի դռները:

Այնուամենայնիվ, պատգամավորը հիշեցնում է, որ Ասոցացման համաձայնագրում կան նաև այլ կարևոր կետեր` վիզաների դյուրացում կամ ազատականացում, տարբեր քաղաքական, ժողովրդավարական ինստիտուտների բարելավում, միգրացիոն խնդիրների շրջանակ և և այլն: «Սրանք դաշտեր են, որոնց մասին դեռ կարելի է խոսել»:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Ղարաբաղի ճակատագրին, ապա նա գտնում է, որ Հայաստանի հանրապետությունն ու ԼՂՀ-ն պետք է կարողանան իրենց խնդիրներն այնպես լուծել, որ միշտ լինեն միասին, և եթե Մաքսային միությունում կլինեն երևույթներ, որոնք կփորձեն բաժանել երկու պետությունները, ապա պետք է հասնել նրան, որ նման միության հետ համագործակցությունը չշարունակվի: «Առայժմ միայն կանխատեսման կամ հույսի տեսանկյունից կարող ենք ասել, որ երևի Ղարաբաղի հարցը քննարկվել է, և կան դրական լուծումներ»,-նշեց պատգամավորը:

 

 

Tags: ,