Հո դիահերձարանը չե՞նք տանելու Ազատանի կարտոֆիլի դաշտերում դնենք

Hovhannes Hovhannisyan01Գյումրիում դարձյալ դիահերձարանի շենքի համար տարածք են ման գալիս: Դեռ ամիսներ առաջ archive2.ankakh.com-ը հայտնել էր, որ կառավարությունը որոշել է գումար հատկացնել հանրապետության երկրորդ քաղաքի պաթոլոգ-անատոմիական լաբորատորիայի համար նպաստավոր շենքային պայմաններ և նոր բուժտեխնիկա ապահովելու համար: Ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որը զբազվում էր տարածքների ուսումնասիրմամբ: Առաջարկվող տարածքներից  ընտրվել էր Սավոյան փողոցում գտնվող Արյան փոխներարկման կայանի նախկին շենքը: Կազմվել էր նախագիծը, չափուձև էր արվել, փողոցի մի փոքր հատված արդեն ասֆալտապատվել էր, ու, տեղի բնակիչները հանդես եկան բողոքով՝ մեր տների մոտ մեռել մի բերեք: Երկարատև բողոքի ակցիաները, ի վերջո, բերեցին նրան, որ Գյումրուն այնքան անհրաժեշտ դիահերձարանի շենքը Սավոյան փողոցում կառուցելու որոշումը կասեցվեց: Շիրակի մարզպետարանը մեկ շաբաթվա ընթացքում հանձնաժողովին պետք է ներկայացներ այլ տարածք, բայց օրերն անցնում են ու տեղաշարժ չկա:
“Դերահերձարանի համար նոր տեղ չի որոշվել: Այսօր, կարծես, հասարակության ինստիտուտ կոչվածը մեզ մոտ ավելի թանձրացել, հյութեղ է դարձել, մարդկանց ռեակցիաները չափից ավել են: Որ թաղամասն էլ տանենք՝ այնտեղից մարդիկ ելնելու են գան բողոքեն: Ասում են՝ մեզի մեռել պետք չէ: Մեռելը ոչ մեկին էլ պետք չէ, բայց դրանք լինում են. կյանքը և մահը միշտ շաղկապված են: Ես լուրջ մտավախություն ունեմ, որ Գյումրիում այսպես էլ հնարավոր չլինի կառուցել պաթոլոգ-անատոմիական լաբորատորիա, որին ժողովուրդը դիահերձարան է ասում: Դա լաբորատորիայի ֆունկցիաներից մեկն է, շատ փոքր մասը”, – archive2.ankakh.com-ին փոխանցեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:
“Ես շատ եմ գնահատում հասարակության կարծիքը, բայց դա չպետք է չափազանցնել. մեղրը շատ համով է, բայց երբ սկսում ենք շատ ունել՝ մեզ վնասում է: Նույնը վերաբերում է և՜ ժողովրդավարությանը, և՜ հասարակության ինստիտուտին և ամեն ինչին: Հիմա ինչ ծրագիր էլ կազմենք, որ մասում էլ դնենք՝ հասարակությունը դժգոհելու է: Հո չե՞նք տանելու Ազատանի կարտոֆիլի դաշտերում դնենք. դա պետք է լինի քաղաքում: Քաղաքն էլ չի ուզում նման վայր ունենալ, եթե չի ուզում՝ կունենա այն, ինչ այսօր կա”, – ավելացնում է վարչության պետը:
Իսկ հարցին, թե հնարավոր չէ՞ եղած շենքը նորոգել, հարմարեցնել ժամանակակից պայմաններին, Հովհաննես Հովհաննիսյանը նշեց. “Եղած շենքն իր տարածքով, աշխարհագրական դիրքով այնքան էլ հարմար չէ, չնայած նրա շրջակայքում էլ տներ կան: Տա Աստված, որ մենք կարողանանք գտնել այնպիսի մի վայր, որտեղից ոչ մի բնակչի բողոք չգա:

Մարիամ Խալաթյան