ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ սենսացիոն հայտարարություն արեց. հանդես գալով ՀՀ բոլոր քաղաքացիների անունից` նա ասաց, որ չկա գեթ մեկը, որը հոգու խորքում համաձայն չէ Մաքսային միությանն անդամակցելուն, եթե անգամ դրա մասին բարձրաձայն չի արտահայտվում կամ հակառակն է ասում:
Թե ինչի հիման վրա է Բիշարյանն այդ համոզմանը հանգել, նա բացատրությունն էլ տվեց. «Կարծում եմ` չեք կասկածում, որ մենք շատ ենք հանդիպում հասարակության հետ և այդ հարցերը քննարկում: Դեռ չեմ հանդիպել մի մարդու, որին մտահոգում է հայ-ռուսական հարաբերությունների լավ լինելը»:
Ավելի հեռուն գնալով` Բիշարյանն ասաց, որ անձամբ իր ռուսաստանաբնակ հայ բարեկամ-ծանոթներից է տեսակետ հարցրել, և հասկացել է, որ նրանք ոգևորված են այդ լուրից և իրենց շատ լավ են զգում:
«Մեր քաղաքական ուժն էլ է արդեն հայտարարել, որ այս համագործակցությունը բխում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերից, իսկ դրան զուգահեռ պետք է շարունակվեն Եվրամիության հետ հարաբերությունները»:
Ինչ վերաբերում է Մաքսային միության և Ազատ առևտրի գոտու միջև հակասությանը, ապա Բիշարյանը հավատում է երկրի քաղաքական ղեկավարների ճկունությանը և համոզված է, որ նրանք կանեն այնպես, որ Ռուսաստանի և Եվրամիության հետ հարաբերությունները մեկը մյուսին չխանգարեն, այլ ընդհակառակը` օգնեն:
Tags: Ազգային ժողով, Հեղինե Բիշարյան