Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկի հումորային դիտարկմանը, որ եթե Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակեցին, ապա ճիշտ չէ՞ր լինի ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ցմահ ազատազրկման ենթարկեին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հավատարիմ մնալով իր ոճին, արձագանքեց. «Ճիշտ կլիներ, որ քո չար լեզուն կտրեին»:
Ինչ վերաբերում է Տիգրան Առաքելյանին, ապա Սահակյանն ասաց, որ ոչինչ չունի այդ երիտասարդի նկատմամբ և որպես քաղաքացի` կուզենար, որ նա ժամ առաջ ազատվեր:
Սուրեն Խաչատրյանի տանը կատարված դեպքերի վերաբերյալ էլ նշեց, որ գործը դատաիրավական համակարգում է, որտեղից համոզիչ պատասխաններ են տալիս հանրությանը: «Էնպես չի, որ Գալուստ Սահակյանը կամ կուսակցությունը դատախազություն կամ դատավոր է և պիտի կարողանա մեկնաբանել ամեն ինչ: Նրանք, ովքեր բացասական վերաբերմունք ունեն Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի նկատմամբ, բողոքում են, որ անարդար է եղել, իսկ նրանք, ովքեր բարեկամական, ասում են` արդար է եղել: Դրա համար, դա ոչ թե ցանկությունների հետևանք է, այլ օրենքի»:
Սահակյանը խուսափեց պատասխանել կոնկրետ հարցին, թե արդյոք Սուրիկ Խաչատրյանին և նրա ազգականին ազատ արձակելը ճիշտ որոշում է համարում. «Եթե սովորական քաղաքացի լինեի և պատասխանատվություն չունենայի ընդհանուր երևույթների նկատմամբ, իմ անձնական կարծիքը կասեի, բայց հիմա չեմ ասի, որովհետև դա կլինի կամ խիստ քաղաքական, կամ թույլ քաղաքական»:
Tags: Ազգային ժողով, Գալուստ Սահակյան
