Ալ-Քաիդայի առաջնորդը, 2001թ-ի սեպտեմբերի 11-ի դեպքերի տարելիցի կապակցությամբ մահմեդականներին ԱՄՆ-ի տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու կոչ անելով, նշել է, որ պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն Ամերիկային ֆինանսապես «արյունաքամ անելու» համար:
Հարձակման 12-րդ տարելիցի հաջորդ օրը հրապարակված ձայնային հաղորդագրության մեջ Այման ալ-Զավահիրին նշում է, որ Ամերիկան միֆական ուժ չէ և իսլամի սուրբ մարտիկները նրան կարող են հաղթել միայն իր սեփական հողում հարձակումներ իրականացնելով:
Նա հայտնում է, որ ալ-Քաիդայի զինյալները պետք է փոքր հարձակումներ կամ Նյու Յորքում և Վաշինգտոնում սեպտեմբերի 11-ի իրականացված հարձակումների նման մեծ հարված հասցնեն՝ այդ կերպ Ամերիկային լարված պահելով, թե երբ և որտեղ իրենք կհարվածեն հաջորդ անգամ:
Ձայնագրությունը տեղադրվել էր ռազմական կայքում, որը սովորաբար օգտագործում է ալ-Քաիդան:
