Թուրքական «TRT» հեռուստաընկերության տնօրեն Իբրահիմ Շահինը Դենիզլիում թուրքալեզու երգերի միջազգային փառատոնի գալա համերգին մասնակցելուց հետո հանդես է եկել մամլո ասուլիսով՝ անդրադառնալով Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Շահինը նշել է, որ այս տարվա նման, գալիք տարի ևս Թուրքիան ամենայն հավանականությամբ չի մասնակցի Եվրատեսիլին: Դրա պատճառը մրցույթի կանոնների փոփոխությունն է, համաձայն որոնց հաղթողը որոշվում է հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքների գումարման միջոցով: Շահինը դժգոհություն է հայտնել, որ Թուրքիան, բավականաչափ ձայներ հավաքելով հանրային քվեարկության արդյունքում, այնուհանդերձ հայտնվում է ցածր հորիզոնականում՝ ժյուրիի կողմնակալության պատճառով: Թուրքական կողմը համաձայն չէ նաև, որ Եվրատեսիլի հիմնադիր 5 երկրները միանգամից մասնակցում են մրցույթի եզրափակիչ փուլին՝ առանց հաղթահարելու կիսաեզրափակչի արգելքը:
Այս տարի ևս Թուրքիան հրաժարվել էր մասնակցել Եվրատեսիլին՝ բոյկոտելով քվեարկության համակարգը, որը, սակայն, շարունակում է մնալ նույնը: «Ժամկետը դեռևս չի լրացել, սակայն կարծում ենք, որ գալիք տարի ևս մենք չենք մասնակցելու Եվրատեսիլին, եթե քվեարկության համակարգում փոփոխություն տեղի չունենա»,-նշել է Շահինը:
