ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն ստացել է Սիրիայում քիմիական զենքի մասին զեկույցը

o_818976ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունն  ստացել  է Սիրիայում քիմիական զենքի մասին զեկույցը և այն երկուշաբթի`  սեպտեմբերի 16-ին, կներկայացնի  միջազգային  կազմակերպության Անվտանգության Խորհրդի նիստին:   “Միացյալ Ազգերի առաքելության հետաքննական զեկույցը Սիրայի Արաբական Հանրապետությունում քիմիական զենքի կիրառումը հաստատելու մասին փոխանցվել է գլխավոր քարտուղարին”,-հաղորդել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին: Նա ասել է, որ զեկույցը Նյու Յորք է բերել տեսուչների ղեկավար, պրոֆեսոր  Օկե Սելստրեմը:

“Երկուշաբթի առավոտյան գլխավոր քարտուղարը Անվտանգության Խորհրդի փակ խորհրդակցությունում  կտեղեկացնի զեկույցի մասին”, — ավելացրել է Նեսիրկին: Նա նաև հաղորդել է, որ նյույորքյան ժամանակով 12:50-ին  Անվտանգության Խորհրդի բրիֆինգից հետո  Պան Գի Մունը ելույթ կունենա լրագրողների առջև: Ավելի վաղ, կիրակի` սեպտեմբերի 15-ին, փակ ռեժիմով անցկացվող խորհրդակցության մասին հայտնել էր ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մարկ Լայալ Գրանտը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

ՄԱԿ-ի փորձագետները օգոստոսի 26-ից զբաղվում են Սիրիայում քիմիական զենքի ենթադրվող հարձակման հետաքննությամբ: Խմբի խնդիրն էր թունավոր նյութերի օգտագործման փաստը ապացուցելը և ոչ թե մեղավորներ հայտնաբերելը:  Նախորդ շաբաթվա վերջին տեսուչների խմբի ղեկավար Օկե Սելստրեմը  Associated Press գործակալությանը հայտնել էր, որ Արևելյան Գուտեում կատարվածի մասին  զեկույցն  արդեն պատրաստ է և ինքը հանգստյան օրերին այն կհանձնի գլխավոր քարտուղարին:

Ուրբաթ Պան Գի Մունը, փակ հանդիպմանը ելույթ ունենալով, որը ցույց են տվել ՄԱԿ-ի ներքին հեռուստատեսությամբ, համոզմունք էր հայտնել,որ զեկույցը “ամբողջական” կլինի և կհաստատի Սիրիայում քիմիական զենքի օգտագործման փաստը:

 

Tags: