Անցած շաբաթ Ռուսաստանի և ԱՄՆ-ի կայացրած համաձայնությունը, ըստ որի Ասադը իր ունեցած քիմիական զենքը կհանձնի միջազգային հսկողությանը կանխելով Սիրիայի վրա զինված հարձակումը, ուրախությամբ է ընդունվել պատերազմից ուժասպառ եղած Սիրիայում:
Թուրքական «Հաբերլերը» հաղորդում է, որ Սիրիայում փոխզիջման հասնելու պարտականությունը ստանձնած նախարար Ալի Հայդարը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է, թե իրենք գոհունակությամբ են ընդունում քիմիական զենքի վերաբերյալ կայացրած համաձայնությունը: «Այսպիսով մի կողմից ճանապարհ է բացվում Սիրիան ճգնաժամից դուրս բերելու համար, մյուս կողմից էլ կանխվում է Սիրիայի դեմ ուղղված պատերազմը: Սա մեր ռուս բարեկամների՝ Սիրիայի համար ապահոված հաղթանակն է»,-նշել է նախարար Հայդարը:
Նշենք, որ ըստ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կայացած համաձայնության՝ Սիրիան պարտավոր է մեկ շաբաթվա ընթացքում ՄԱԿ-ին հանձնել քիմիական զենքի վերաբերյալ բոլոր տեղեկությունները: Նախատեսվում է, որ քիմիական զենքը կոչնչացվի մինչև 2014 թվականի կեսերը:
Tags: Սիրիա