Հնդկաստանում պատվաստումից հետո 67 երեխա է հայտնվել հիվանդանոցում: Պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութի փոխարեն, որը լեզվատակին են կաթեցնում, երեխաներին հեպատիտի դեմ են պատվաստել: Բոլոր երեխաները նախադպրոցական տարիքի են:
Արևմտյան Բենգալիայում կատարվածը նկատել է 14 ամսական երեխայի հայրը: Նա երեխային տարել էր Արամբագհ քաղաքի մանկապարտեզ, որը Կալկաթայից 80 կմ հեռավորության վրա է գտնվում: Մանկապարտեզում պետական Pulse Polio ծրագրի շրջանակներում ամիսը մեկ անգամ երեխաների պատվաստում է իրականացվում: Տղամարդը նկատել է, որ բուժաշխատողները պատվաստանյութը վերցնում են “հեպատիտ բ” –ի սրվակից:
Երբ նա դրա մասին զգուշացրեց բուժաշխատողներին, պարզվեց, որ նրանք արդեն հասցրել են “պատվաստել” 114 երեխայի: Արամբագհ քաղաքի հիվանդանոցում հայտնել են, որ այդ պատվաստանյութը լեզվատակին կաթեցնելը վտանգավոր չէ, սակայն, երեխաների ծնողներին վրդովեցրել է բուժաշխատողների անփութությունը:
Զայրացած ծնողները բռնել ու փակել են առողջապահության տեղի վարչության ներկայացուցչին: Նրան բաց են թողել միայն ոստիկանության միջամտությունից հետո: Հնդկաստանի առողջապահության նախարարի կարգադրությամբ, հետաքննություն է սկսվել: 4 բժշկի արդեն հեռացրել են աշխատանքից:
Pulse Polio ծրագրի շրջանակներում ողջ երկրում պատվաստումներ են կատարվում: Վերջին անգամ պոլիոմիելիտի բռնկում Հնդկաստանում գրանցվել է 2011-ին:
Tags: պատվաստում