Երիտթուրքական պարագլուխներից Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, որը հեղինակել է «1915 Հայոց ցեղասպանություն» գիրքը, այսօր «T24» թերթում տպագրված «Ամաչում եմ» վերնագրով իր հոդվածում գրել է Հրանտ Դինքի մասին: «Այնպիսի մարդիկ կան, որոնց կյանքը միայն իրենցը չէ: Նրանց կյանքն ու մահը լայն առումով վերաբերում է ոչ միայն իրենց, այլ այն հասարակությանը, որի մասն են կազմել: Հրանտ Դինքի կյանքն էլ այդպիսին էր: Սիրելի Հրանտը այդպես ապրեց և այնպես մահացավ, որ ճանապարհ բացեց Թուրքիայի մասին նոր հարցեր տալու, նոր պատասխաններ փնտրելու համար: Նա այնպես ապրեց և այնպես մահացավ, որ խոշորացույցի տակ առնվեց այս հողերի երեկվա ու այսօրվա բացահայտումը: Սիրելի Հրանտը այնպես ապրեց և այնպես մահացավ, որ խելք ու խիղճ ունեցող յուրաքանչյուր ոք սկսեց պայքարել այս հողերում ավելի շատ ժողովրդավարության, ավելի շատ իրավունքի, ազատության, մարդու իրավունքների համար բացված ճանապարհների արգելքները վերացնելու համար: Սիրելի Հրանտը իր կյանքով և ողբերգական մահով մեծ հարված հասցրեց Թուրքիայի պետական գաղափարախոսությունը հանդիսացող ազգայնականություն հասկացությանը, որով Թուրքիան սեփական քաղաքացիներին ստի մեջ է պահում: Նա, արագացնելով այս հողերի իրական պատմությունը գրելու գործընթացը՝ զերծ փտած պաշտոնական անձանցից, մի քիչ էլ բացեց պատմության հետ առերեսման դուռը: Ես էլ Հրանտ Դինքի շնորհիվ ավելի ազատ դարձա: Գուցե վերջապես հարված ստացան այն տաբուներն ու շղթաները, որոնք տարիներ շարունակ ինձ ապրեցրել են ստի մեջ՝ գերի վերցնելով գիտակցությունս»,-գրել է Հասան Ջեմալը:
