Դավիթ Սաֆարյանը Բուդապեշտում դարձավ աշխարհի չեմպիոն

դ ս arm136369352473Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում չեմպիոն դարձավ 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը:

Եզրափակչում 2013-ի Եվրոպայի գործող չեմպիոն (Թբիլիսի), Կազանում կայացած Համաշխարհային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր Դավիթ Սաֆարյանն ուժերը չափեց Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, կուբացի Լիվան Լոպեսի հետ:

Առաջին մրցափուլում կուբացին հաղթեց 1:0 հաշվով: Նա երկրորդ մրցափուլում ևս մեկ միավորի արժանացավ: Թվում էր, թե մեր մարզիկը դժվար կարողանա շտկել դրությունը: Բայց 24-ամյա հայ ըմբիշը գոտեմարտի ավարտից 19 վայրկյան առաջ հնարք կատարեց, մրցակցին ստիպեց մրցագորգի վրա իջնել և 2 միավոր վաստակեց: Հաշիվը թեև դարձավ 2:2, սակայն մեր ըմբիշի  հաջողությունը, որպես վերջինը, ավելի բարձր է գնահատվում:

Այսպիսով, Սաֆարյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն: Ուշագրավ է, որ վերջին անգամ այս մրցաձևի Հայաստանի ներկայացուցիչն  աշխարհի առաջնությունում ուժեղագույն էր ճանաչվել 11 տարի առաջ: 2002-ին այդ պատվին էր արժանացել Արամ Մարգարյանը:

Քիչ հետո Բուդապեշտում պատվո պատվանդանի առաջին աստիճանին կկանգնի Դավիթ Սաֆարյանը, և ի պատիվ նրա տարած հաղթանակի կբարձրացվի եռագույնը, կհնչի Հայաստանի օրհներգը:

Tags: , ,