Սեպտեմբերի 15-ին 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկահայ հայտնի բարերար Ջերարդ Գաֆեսճյանը:
Անկախ-ի հետ զրույցում լուրը հաստատեցին նաև Երևանի Գաֆեսճյան արվեստի կենտրոնից:
Ջերարդ Գաֆեսճյանը ծնվել է 1925 թ. ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Բրուքլին թաղամասում:1950-ականների սկզբին նա աշխատանքի է անցել West Publishing ընկերությունում՝ որպես խմբագիր, որտեղ աշխատել է 44 տարի: Նա հիմնել է West Art and Law ընկերությունը, որի համար ստացել է հեղինակավոր Business and Arts մրցանակը: 1996-ի հունիսին Գաֆեսճյանը վաճառել է West Publishing-ի իր բաժնետոմսերը և հեռացել ընկերությունից:
Վաճառքից ստացած գումարով նա սկսել է ներդրումներ կատարել և բարեգործական ծրագրեր իրականացնել: 1996թ-ին Գաֆեսճյանը հիմնել է «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը և մի շարք բարեգործություններ իրականացրել հայրենիքում:
Նրա միջոցներով է վերակառուցվել և նոր շունչ ստացել նաև «Կասկադ» համալիրը, որը համարվում է Երևանի ամենահիասքանչ վայրերից մեկը: Այնտեղ է նաև Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, որը Գաֆեսճյանի նախաձեռնությամբ բացվել է 2009 թվականի նոյեմբերին:
Այնտեղ է գտնվում նաև Գաֆեսճյանի ապակյա իրերի անձնական հավաքածուն, որն իր յուրօրինակությամբ շատ արվեստասերների է գրավում:
Ջերարդ Գաֆեսճյանն ամուսնացած էր, ուներ երկու զավակ, թոռ և երկու ծոռ:
Անկախ-ն իր ցավակցությունն է հայտնում հայ բարերարի հարազատներին:
