ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը դժգոհ է Սիրիայում աշխատող ՄԱԿ-ի փորձագետների զեկույցից, քանի որ այն քաղաքականացված և կողմնակալ եզրահանգումներ է պարունակում: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: «Մեղմ ասած, մենք հիասթափված ենք, հաշվի առնելով Սիրիայում աշխատող ՄԱԿ-ի քարտուղարության և փորձագետների ցուցաբերած մոտեցումը, քանի որ նրանք զեկույցը թերի են պատրաստել՝ հաշվի չառնելով այն հանգամանքները, որոնց մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք, նյութեր չհավաքելով այն մյուս երեք փաստերի շուրջ, ինչի վերաբերյալ սիրիական ժողովուրդն ու մենք նրանց կոչ էինք անում»-նշել է Ռյաբկովը:
Փոխարտգործնախարարը հայտնել է, որ իրենք սպասում են Սիրիայից ՄԱԿ- փորձագետների վերադարձին, որպեսզի բացատրություններ պահանջեն: «Օկե Սելստրատի գլխավորությամբ ՄԱԿ-ի փորձագետների աշխատանքը չի ներկայացնում Սիրիայում տեղի ունեցածի պատկերն ամբողջությամբ, այս պարագայում նրանց կայացրած եզրահանգումները քաղաքականացված, կողմնակալ և միակողմանի անվանելուց բացի այլ կերպ չենք կարող որակել»,-ընդգծել է նա:
Tags: ՄԱԿ, Սիրիա