Առողջապահության նախարարությունը հերքում է. Հայաստանում խոլերայի համաճարակ չկա

առողջապահության նախարարությունԱռողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ilur.am կայքէջում հրապարակված տեղեկատվությունը, թե իբր Արագածոտնի մարզի Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերում խոլերայի համաճարակ է բռնկվել, իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնում ենք, որ 1998 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում խոլերայի ոչ մի դեպք չի արձանագրվել:

Արագածոտնի մարզի Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերում օգոստոսի 28-ին և 29-ին բնակչության շրջանում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով 54 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են «Աշտարակի բժշկական կենտրոն»–ի ինֆեկցիոն բաժանմունքում և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց տրամադրվել է բժշկական անհրաժեշտ օգնություն և սպասարկում պետպատվերի շրջանակում: Նշված գյուղերում ՀՀ առողջապահության նախարարության և Արագածոտնի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության համապատասխան մասնագետների կողմից կազմակեպվել են բակային համայցեր` նոր դեպքերի վաղ հայտնաբերման և բժշկական օգնության կազմակերպման համար: Բակային համայցերի ընթացքում բնակչության շրջանում իրականացվել է բացատրական աշխատանք աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ:

Ըստ համաճարակաբանական հետազոտության տվյալների՝ վարակը տարածվել է խմելու ջրի միամոմենտ աղտոտման պատճառով:

Օգոստոսի 28-ին, ինչպես նաև հետագա օրերին խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքներով դրանում ախտածին մանրէներ չեն հայտնաբերվել:

Tags: