Սիրիայում արդեն 2,5 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը վերապրող սիրիացիները շարունակում են աշխարհին զարմացնել իրենց վարքով: Նախ երեկ մամուլում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ սիրիացի երիտասարդները զվարճանում են Դամասկոսի գիշերային ակումբներում, այնուհետև տեսարաններ, որտեղ քաղաքացիները լիցքաթափվում են մայրաքաղաքի լողավազաններից մեկում: Այսօր էլ մամուլում լուրեր են տարածվել, թե սիրիացի հարուստները սկսել են շքեղ բնակարաններ գնել Փարիզում: Մինչ սիրիացի փախստականները մեծ դժվարությամբ փորձում են նոր կյանք սկսել սահմանակից երկրներում՝ մասնավորապես Թուրքիայում և Լիբանանում տեղակայված ճամբարներում, նրանց հարուստ հայրենակիցները սկզբում տեղափոխվելով Հորդանան և Լիբանան, սկսում են շքեղ առանձնատներ ու բնակարաններ փնտրել Փարիզի էլիտար թաղամասերում:
«Ռադիկալը» գրում է, որ ֆրանսիացի գործակալները ամառվա ամիսներից սկսած Փարիզի ամենահայտնի պողոտաներում միլիոնավոր եվրոներ արժողությամբ բնակարաններ են վաճառել սիրիացի հարուստներին: Ահա այսպես սոցիալական անհավասարությունն ու մարդկային անտարբերությունը շարունակում է իրենն ասել նույնիսկ պատերազմի ժամանակ:
