Մի շարք թուրքական դպրոցներում աշակերտուհիներին արգելվել է կիսաշրջազգեստ կրել

dproc   Անթալիայում գտնվող Ղաղի Անադոլու լիցեյում աշակերտուհիներին արգելել են կիսաշրջազգեստ կրել: «Ջումհուրիյեթ» թերթը հաղորդում է, որ անցած ամիս Տրապիզոնում տեղի ունեցած աղմկահարույց դեպքից հետո, երբ շրջանի կրթության վարչության պետը առարկություն էր հայտնել, թե դպրոցներում աղջիկներն ու տղաները օգտվում են նույն աստիճաններից և այս պարագայում աշակերտուհիները չպետք է շրջազգեստ կրեն, այժմ նույն պատճառաբանությամբ Անթալիայում ևս դպրոցական համազգեստի փոփոխություն է տեղի ունեցել:

Վերոնշյալ դպրոցի տնօրեն Հայրի Բահշին նշել է, որ դպրոցի տնօրինությունն ու ծնողական կոմիտեն եկել են համաձայնության, որ նոր ուսումնական տարում բոլոր աշակերտները կրելու են միանման հագուստ՝ մոխրագույն տաբատ և սպիտակ վերնաշապիկ: «Մեր դպրոցի աշակերտները արդեն մեծ են և որպեսզի աստիճաններով իջնել բարձրանալիս խնդիրներ չծագեն, մենք որոշեցինք սահմանել միանման դպրոցական համազգեստ»,-նշել է տնօրեն Բահշին: