Պաշտոնական այց` Բելառուսի Հանրապետություն

կգն2Սեպտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ԿԳՆ պատվիրակությունը` նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են` “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի նախագահ Լ. Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լ. Թավադյանը, ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի վարչության պետ Տ. Սահակյանը:
Այցի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և Բելառուսի ԿԳ նախարար Սերգեյ Մասկևիչի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների բուհերի համագործակցության, հանրակրթական փոխանակման ծրագրերի և դրանց իրականացման, ինչպես նաև կրթության միջազգայնացման, համատեղ գիտական գործունեության հարցեր:
Արմեն Աշոտյանը, մատնանշելով տարբեր օլիմպիադաներում բելառուս աշակերտների ցուցաբերած բարձր արդյունքները, նշել է, որ Հայաստանին հետաքրքրում է Բելառուսում իրականացվող ուսուցման մեթոդիկան, ինչպես նաև նոր ծրագրերի ներդրումը: “Նախատեսվում է, որ մի քանի տարի հետո Հայաստանի ԿԳ նախարարությունը կառաջարկի հանրակրթության նոր հայեցակարգ և այդ ոլորտում Բելառուսի փորձը չափազանց օգտակար է մեզ համար”,-ասել է Ա. Աշոտյանը: Սերգեյ Մասկևիչն իր հերթին նշել է, որ երկու երկրների համագործակցությունն իրականացվում է ԱՊՀ անդամ երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Վերջինիս խոսքով` այս պահին գործում է 16 միջբուհական համաձայնագիր: Մասկևիչը նշել է նաև, որ Բոլոնիայի գործընթացի մասնակից Հայաստանի փորձը օգտակար կլինի ոչ միայն գերատեսչության ղեկավարության, այլև բուհերի ղեկավարության համար:
Նախարարների հանդիպումից հետո կայացել է նրանց համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ձեռքբերված պայմանավորվածություններին, մասնավորապես, նշվել է, որ երկու երկրները հայտարարում են մրցույթ` բուհական լավագույն նախագծի համար, որին մասնակցելու համար բուհերը պետք է համապատասխան հայտ ներկայացնեն մինչև հոկտեմբերի 25-ը: Նախարարները տեղեկացրել են նաև, որ հանդիպման ընթացքում քննարվել է նաև կրկնակի դիպլոմների տրամադրման հնարավորությունը: Ասուլիսի ընթացքում Արմեն Աշոտյանը լրագրողներին է ներկայացրել Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի վերջին զարգացումները և գերակայությունները
Այցի ընթացքում Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բելառուսի պետական համալսարան և դասախոսություն կարդացել բուհի իրավաբանական և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների համար:
Պատվիրակությունն այցելել է նաև Նեսվիժ քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություն, ինչպես նաև ծանոթացել Նեսվիժի գիմնազիայի աշխատանքներին: