Փոխվարչապետն ընդունեց գերմանական պատվիրակությանը

արմեն գևորգյանՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման բանկի (KfW) եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել` գնահատելու գերմանական կողմի աջակցությամբ իրականացված ծրագրերի ընթացքը, շահագրգիռ կառույցների հետ քննարկելու համագործակցության նոր ծրագրի առաջնահերթությունները:

Հանդիպմանը քննարկվեցին համագործակցության հեռանկարային ուղղություններին, ընթացիկ ծրագրերին, ինչպես նաեւ առաջիկայում նախատեսվելիք հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների առաջնահերթություններին վերաբերող հարցեր:

“Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվում են մի շարք հաջողված ծրագրեր: Կառանձնացնեի մարզերում ենթակառուցվածքների զարգացման եւ արդիականացման ծրագրերը, որոնք միտված են նոր որակի համայնքների ձեւավորմանը”,-նշեց Ա. Գեւորգյանը` բարձր գնահատելով Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Ա. Գեւորգյանը գոհունակություն հայտնեց, որ KfW-ն պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել կոշտ կենցաղային աղբի վերամշակման, կառավարման համակարգում իրականացված աշխատանքների եւ ջրօպերատոր ընկերությունների սպասարկման տարածքից դուրս գտնվող ավելի քան 500 համայնքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառավարման բարելավման հարցերում: Նա նաեւ արդյունավետ համարեց GIZ-ի աջակցությամբ իրականացվող “Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում” եւ “Հողերի էրոզիայի վերահսկողության ինտեգրացված միջոցառումներ Հարավային Կովկասում” ծրագրերը:

Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ կառավարության համար շարունակում են առաջնահերթ մնալ համագործակցության նախանշված ուղղությունները:

Գերմանական պատվիրակության ներկայացուցիչները եւս գոհունակություն հայտնեցին ծրագրերի ընթացքից եւ շնորհակալություն հայտնեցին ծրագրերի իրականացման նկատմամբ հետեւողականություն ցուցաբերելու համար:

ՏԿՆ հասարակայնություն հետ կապերի բաժին

Tags: