Մարզպետները քննարկել են 2014 թ. մարզպետարանների բյուջետային հայտերը

տկնՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին 2014թ. մարզպետարանների բյուջետային հայտերի, ինչպես նաեւ 2014թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի հետ կապված հարցեր:

Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց ներկայացնել համապատասխան հաշվարկները, ինչպես նաեւ հնարավոր խնդիրների եւ դրանց լուծումների վերաբերյալ առաջարկությունները:

Քննարկվեց նաեւ 2014թ. ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հարցը: Տեղեկացվեց, որ 2014թ-ին դոտացիաներն առաջին անգամ հաշվարկվելու են` հիմնվելով Բնակչության պետական ռեգիստրի տվյալների վրա:

Փոխվարչապետը կարեւորեց համայնքների ղեկավարների եւ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքը` ռեգիստրի տվյալների ճշգրտման ուղղությամբ, որից հետո միայն կկատարվի դոտացիաների հաշվարկը: 2014թ. համար համայնքներին տրամադրվող դոտացիաների ընդհանուր ծավալը նախատեսվում է շուրջ 39 մլրդ դրամ, ինչը 2,7 մլրդ դրամով գերազանցում է 2013թ. ցուցանիշը:

Քննարկվեցին նաեւ դպրոցներում ուսումնաօժանդակ հաստիքների թվաքանակի հաշվարկների, աշխատավարձերի ֆոնդերի, պահպանման ծախսերի հետ կապված հարցեր:

Անդրադարձ եղավ նաեւ հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի, դիզվառելիքի եւ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխման ծրագրերի ընթացքին: Փոխվարչապետը կարեւորեց նաեւ աշնանացանի ընթացքում ոռոգման աշխատանքների արդյունավետ կազմակերպումը եւ ջրօգտագործողների ընկերությունների հետ համագործակցությունը` ձեւավորված հասույթների դիմաց վարձավճարների ամբողջական հավաքագրման հարցում:

Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ առաջիկայում իրականացվելիք մի շարք միջոցառումների կազմակերպչական հարցեր: Մասնավորապես սեպտեմբերի 20-ին “Գյումրին` 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք” ծրագրի շրջանակներում Գյումրիում կկայանա ԱՊՀ երկրների “Art EXPO” I միջազգային ցուցահանդեսը: Փոխվարչապետը հորդորեց մարզպետներին ապահովել մարզերի պատվիրակությունների ակտիվ մասնակցությունը ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվելիք միջոցառումներին:

Հոկտեմբերի 3-5-ը Ջերմուկում կանցկացվի գյուղական համայնքների երրորդ համաժողովը, որը կրկին կհամախմբի գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր դերակատարներին ` փորձի, իրականացվող ծրագրերի եւ քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով: Փոխվարչապետը կարեւորեց համայնքապետերի եւ ավագանու անդամների ակտիվ մասնակցությունը թեմատիկ կլոր սեղաններին, որոնց ընթացքում քննարկվելու են ՏԻՄ-երին վերաբերող ամենահրատապ հարցերը:

Քննարկվեցին նաեւ սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի կապակցությամբ մարզերում կազմակերպվող միջոցառումների իրականացման հետ կապված հարցեր:

Հհասարակայնության հետ կապերի բաժին