ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի պատվիրակությանը` նահանգապետ Բորիս Բատուրայի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է` Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի հետ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով, եւ անցած օրերին հանդիպումներ է ունեցել մարզային իշխանությունների հետ, ծանոթացել գործակցության ներուժին:
Ա. Գեւորգյանը ողջունեց համագործակցության նախաձեռնությունը` նշելով, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունների խորացումը եւ գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի հետ ավանդական բարեկամական կապեր ունեցող Բելառուսի մարզերի հետ համագործակցությունը զարգանում է:
Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի ներուժի, տեղերում իրականացվող մեծածավալ ծրագրերի մասին` նկատելով, որ երկու մարզերը հարուստ են նաեւ պատմամշակութային ժառանգությամբ եւ զբոսաշրջային մեծ հնարավորություններ ունեն:
Հյուրերը տեղեկացրեցին, որ արդեն նախանշվել են համագործակցության որոշ նախագծեր, որոնք կարող են հաջողությամբ կյանքի կոչվել: Նրանք իրենց հայ գործընկերներին նույնպես հրավիրել են Բելառուս`համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները քննարկելու համար: Կողմերը հեռանկարային են համարում գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությունը:
Հասարակայնության հետ կապերի բաժին
Tags: Բելառուս