Սեպտեմբերի 18-ին Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել ադրբեջանական ընդդիմադիր՝ “Հանրապետական այլընտրանք” (REAL) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրեն նախագահի թեկնածու չգրանցման մասին հայցի քննումը, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:
Ըստ REAL շարժման քարտուղար Նատիգ Ջաֆարլիի՝ դատարանը որոշում է ընդունել, համաձայն որի` ընտրողների՝ հօգուտ Մամեդովի 4500 ստորագրությունները կրկնակի փորձաքննություն պետք է անցնեն: Այս ստորագրությունները ԿԸՀ-ն կեղծ է որակել` հենվելով միայն ենթադրությունների վրա, ինչի հետևանքով էլ Մամեդովը որպես նախագահի թեկնածու չի գրանցվել:
Ընդ որում դատարանը չի սահմանել փորձաքննության անցկացման ժամկետները:
Ջաֆարլին դատարանի որոշումը տարօրինակ է որակել, քանի որ նախըտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է, և ընդգծել առավել օպերատիվ որոշում ընդունելու անհրաժեշտ:
“Փաստաբաններն արդեն բարձրացրել են դատարանի որոշման տեքստը մինչև մեկ օրվա ընթացքում իրենց փոխանցելու մասին պահանջը”, -ասել է Ջաֆարլին:
Մամեդովը ևս դատարանի որոշման վերաբերյալ իր դժգոհությունն է արտահայտել և իր կողմնակիցներին կոչ է արել իր թեկնածության չգրանցման դեպքում քվեարկել մեկ այլ ընդդիմադիր թեկնածուի ՝ Ջամիլ Հասանլիի օգտին:
Հիշեցնենք, որ Մամեդովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլլի քաղաքում “անկարգությունների կազմակերպման մեղադրանքով”:
Tags: ադրբեջան
