Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», անհաջող անցացրեց ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային հանդիպումը, հայ ֆուտբոլիստն էլ վատ խաղաց: Թերևս, նա իր ամենաանհաջող հանդիպումն անցկացրեց դորտմունդյան ակումբում:
«Բորուսիան» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց իտալական «Նապոլիին»: Մխիթարյանի մեղքով երկրորդ գնդակը հայտնվեց գերմանական թիմի դարպասում: Նա վտանգավոր դիրքում ոչ պարտադրված իրավիճակում խախտեց կանոնները, որից հետո մրցակիցը տուգանային հարվածով գրավեց «Բորուսիայի» դարպասը: 76-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվեց:
Ի դեպ, 29-րդ րոպեին, մրցավարին հանդիմանելու համար հեռացվեց «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Առաջին խաղակեսի վերջնամասում գերմանական թիմը մնաց 10 ֆուտբոլիստով: Խաղադաշտից հեռացվեց նաև տուգանային հրապարակից դուրս ճարահատյալ գնդակը ձեռքով կասեցրած դարպասապահ Ռոման Վայդենֆեյլերը:
Նույն խմբի մյուս խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Մարսելին»:
Տեխնիկական արդյունքներ
F խումբ
«Նապոլի» (Իտալիա) – «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)՝ 2:1
Գոնսալո Իգուաին, 29, Լորենցո Ինսինյե, 67 – Խուան Սունիգա, 90 (ինքնագոլ)
Հեռացում՝ Ռոման Վայդենֆեյլեր, 45+1 («Բորուսիա»)
«Մարսել» (Ֆրանսիա) – «Արսենալ» (Անգլիա)՝ 1:2
Ջորդան Այու, 90 (11մ) – Թեո Ուոլկոտ, 65, Աարոն Ռեմզի, 84
Tags: Հենրիխ Մխիթարյան, ֆուտբոլ, ֆուտբոլի Չեմպիոնների լիգա