Քաղաքապետարանում հրավիրվել է հանդիպում-քննարկում՝ Արցախի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ

001Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում հանդիպել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեում գտնվող (նախկին գեղարվեստի Հ.5 ուսումնարանի) հանրակացարանային շենքի առաջին մասնաշենքի բնակիչների հետ:

Քաղաքապետի տեղակալը նախ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը, առանձնահատուկ կարևորելով մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքերում բնակվող քաղաքացիների անվտանգության ապահովման հարցն ու խնդրի առաջնահերթ կարգավորման անհրաժեշտությունը,  այդ ուղղությամբ ձեռնարկում է համապատասխան քայլեր:

Բնակիչների հետ քննարկման արդյունքում, նրանց կողմից ներկայացված առաջարկնների համադրմամբ, խնդրի լուծման փուլային տարբերակի շրջանակում առաջնահերթ բնակարաններով կապահովվեն առաջին մասնաշենքում փաստացի բնակվող քաղաքացիները:

«Խնդիրը գտնվում է անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո: Դեռ գարնանը ձեզ հետ ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝  փաստաթղթային վերջին ձևակերպումներից հետո առաջիկայում, կկազմակերպվի առաջին փուլով բնակարանների հատկացման գործընթացը և արդեն հնարավորություն կունենաք սահմանված ժամկետում տեղափոխվելու նոր բնակարաններ, որից անմիջապես հետո վթարային շենքը կքանդվի»,- ընդգծել է Վահե Նիկոյանը:

Հանդիպում-քննարկման շրջանակում առաջարկվել է նաև կազմակերպել առանձին քննարկում` որոշելու  երկրորդ փուլով տրամադրվելիք բնակարանների առաջնահերթության հարցը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Tags: