Մոսկվայում ադրբեջանցի գործարար է սպանվել

1Մոսկվայում ադրբեջանցի գործարար է սպանվել, հաղորդում է “Ինտերֆաքս” գործակալությունը:

Ըստ գործակալության` Ադրբեջանի բնակիչ Ֆաբրիս Սալամ Հուսեյնովը իր ավտոմեքենայով մոտեցել է Բայկալի փողոցի N29 տանը, իջել է մեքենայից, ինչից հետո նրան են մոտեցել երկու անծանոթներ և մի քանի կրակոց արձակելով հեռացել դեպքի վայրից: Ստացված վերքերից տղամարդը տեղում մահացել է:

Աղբյուրի տվյալով՝ սպանությունը պատվիրված բնույթի էր:

“1նյուզ” կայքը հայտնում է, որ 45-ամյա  Ֆաբրիս Սալամ Հուսեյնովը  սեպտեմբերի 18-ի երեկոյան պատրաստվում էր ընթրելու գնալ: Սակայն մեքենայից դուրս գալուն պես նրան զինված  երկու անձինք են մոտեցել:  Սալամ Հուսեյնովը  հավանաբար նրանց նկատել է: Ականատեսների պնդմամբ՝ նա փորձել է զենք հանել, սակայն չի հասցրել: Հնչել են կրակոցներ: Ականատեսները պատմում են, որ մարդասպանները զոհին վախեցնելու միտք չունեին, այլ եկել էին սպանելու նպատակով: Հարազատները խոստովանել են, որ Ֆաբրիսին վաղուց սպառնում էին: