«Բարև Երևան» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման համար ստեղծվող հանձնաժողովի աշխատանքներին

 

«Բարև Երևան» դաշինքԵրևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը սեպտեմբերի 18-ին քաղաքապետի ստորագրությամբ առաջարկություն է ստացել մասնակցելու Երևանի քաղաքապետի՝  2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 3722-Ա և 3723-Ա որոշումների կատարումն ապահովելու և Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի աշխատանքներին:  Նամակում ասված է նաև, որ առաջարկն ընդունելու դեպքում մինչև ս.թ. սեպտեմբերի 19-ը պետք է հայտնել թեկնածուի տվյալները:

Հարցը քննարկվեց ս.թ. սեպտեմբերի 18-ին կայացած խմբակցության նիստում և որոշվեց, որ խմբակցությունը չի մասնակցի վերոնշյալ որոշումների կատարումն ապահովելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև.

1. Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը բարձրացնելու վերաբերյալ  որոշումները  ոչ  իրավաչափ են և կայացվել են մի շարք օրենքերի խախտումով և կիրառությամբ ու մեկնաբանությամբ, իսկ հիմքում դրված փաստաթղթերը պարունակում են կեղծիք,

2. քաղաքապետի վերոնշյալ առաջարկ–նամակում ոչինչ ասված չէ այն մասին, թե որոնք են հանձնաժողով ստեղծելու իրավական հիմքերն ու այն կարգը, որով պետք է աշխատի հանձնաժողովը, և ինչպես  ուղեվարձի  թանկացման  որոշումներն են փորձում օրինականացնել հետին թվով, այնպես էլ՝ հանձնաժողովի ստեղծումը,

3. Երևան  քաղաքում հասարակական տրանսպորտի խնդիրը նպատակահար  է քննարկել Երևան քաղաքում ՏԻՄ բարձրագույն մարմնի՝ ավագանու մակարդակով՝ ստեղծելով ժամանակավոր հանձնաժողով:

Հիշեցնենք, որ «Բարև Երևան» խմբակցությունը Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 3722-Ա և 3723-Ա որոշումները վիճարկելու խնդրով դիմել է ՀՀ վարչական դատարան, ընդ որում, թիվ 3722-Ա որոշումը՝ առ ոչինչ, իսկ թիվ 3723-Ա որոշումը՝անվավեր ճանաչելու պահանջով:

 

Tags: