Թույլ տալ իրանցիներին ոչխարաբուծությամբ զբաղվել Սյունիքում նշանակում է կանգնել ռազմական, բնապահպանական, դեմոգրաֆիական ու սոցիալական վտանգների առաջ

arm136695393564Այսօր “Արմատ” մամուլի ակումբում ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը և գրող, հրապարակախոս Արամ Հովհաննիսյանը ներկայացրեցին մայիսի վերջերին Սյունիքի 10,000 գլուխ ոչխարների տեղափոխման հետևանքով ազգային անվտանգությանը սպառնացող, ռազմական, բնապահպանական, դեմոգրաֆիական ու սոցիալական վտանգները:

Երկու բանախոսներն էլ միանշանակ հավաստեցին, որ Սյունիքում ոչխարաբուծությանը նման զարկ տալը հղի է բազում վտանգներով: Արամ Հովհաննիսյանը անդրադարձավ հիմնականում խնդրի բնապահպանական կողմին: “Ինչու օրինակ չենք վերցնում եվրոպական այնպիսի երկրներից, ինչպիսիք են Շվեյցարիան, Հոլանդիան, որոնք կարողանում են արդյունավետ օգտագործել իրենց լեռնային գոտիները, ստեղծում են առողջարաններ ու պարզապես դողում են իրենց դաշտային տարածքների պահպանման համար: Ես վստահ եմ, որ ոչխարները կլերկացնեն մեր սարերը: Փոխարենը կարող ենք խթանել տավարաբուծությանը: Հավատացնում եմ, որ մեկ կովը 10 ոչխարից ավելի արդյունավետ է: Կովը խոտը արմատից չի պոկում և չի ոչնչացնում կանաչապատ տարածքը: Իհարկե, չեմ կարող պնդել, որ ոչխարաբուխությունը առհասարակ արգելել է պետք, քանի որ մեր ժողովուրդը հնուց ի վեր զբաղվել է դրանով, բայց դրա տոկսոը պետք է հասցվի նվազագույնի, պետք է առավելությունը տրվի բարձր արդյունավետության անասուններին”, – ասաց Արամ Հովհաննիսյանը:
Վահրամ Միրաքյանն էլ իր հերթին նկատեց, որ այն իրանցիները, որոնց հետ ձեռք է բերվել համաձայնություն, իրականում ունեն ադրբեջանցու ինքնագնահատական և հաճախ իրենք իրենց ասոցացնում են ադրբեջանցիների կամ թուրքերի հետ. “Եթե նկատի ունենանք, որ ի սկզբանե խոսքը գնում է 5000 ոչխարի և այն մասին, որ այդ թիվը արդյունավետության դեպքում կրկնապատկվելու է, ապա շատ հեշտ կարելի է հաշվել, թե քանի հովիվ պետք կլինի այդ գլխաքանակը պահելու համար: Եթե դրան էլ գումարենք հովիվների ընտանիքներին՝ նկատի առնելով, որ նրանք քոչվոր են և ապրում են մեծ ընտանիքներով, ապա կստացվի, որ շուրջ 10000 իրանցի պետք է հաստատվեն մեզ մոտ: Սյունիքի թրքացման վտանգ կա, եթե չխոսենք պատերազմական վիճակից, որովհետև այդ պարագայում կաստացվի հետևյալը. Սյունիքում տեղավորում ենք շուրջ 10000 իրանցի, զենք ենք տալիս նրանց, որովհետև պետք է զբաղվեն ոչխարաբուծությամբ և գայլերից պաշտպանվելու համար զենքի կարիք կունենան և փաստոերն, պատերազմական դրության պայմաններում զինված թրքախոս իրանցիները հնարավորություն կունենան գործել մեր ներսից, ինչն անթույլատրելի է”, – նկատեց բանախոսը:

Tags: