Իրանի տնտեսագէտների, իրաւաբանների եւ լրատւամիջոցների տնօրէնների ներկայացրած բանաձեւը՝ ուղղւած գործակիցներին աշխարհում
«Հակաբոյկոտ» կոչւող շարժմանը միացած Իրանի շուրջ 82 տնտեսագէտներ, 34 իրաւաբաններ, 39 լրատւամիջոցների խմբագիրներ եւ տնօրէններ կոչով դիմել են աշխարհի իրենց գործընկերներին՝ միանալու Իրանի դէմ կիրառւող պատժամիջոցների վերացման օգտին:
Ըստ «Ֆարարու» կայքէջի՝ Իրանի հեղինակաւոր մտաւորականների այս կոչն ուղղւած է աշխարհի միւս հեղինակաւոր քաղաքական, հասարակական եւ ԶԼՄ-ների ակնառու դէմքերին՝ սատարելու Իրանի «Հակաբոյկոտ»-ի շարժման ակտիւիստներին՝ ժողովրդի դէմ կիրառւող պատժամիջոցներին վերջ դնելու նպատակով:
Հրապարակւած բանաձեւի համաձայն՝ կոչն ուղղւած է միւս երկրների ազդեցիկ դէմքերին, որոնք կարող են ազդեցութիւն գործել պատկան պետութեան այրերի որդեգրած որոշումների վրայ՝ սատարելու Իրանի դէմ կիրառւած բայկոտի վերացմանը:
Բանաձեւը ամբողջութեամբ ներկայացնում ենք ընթերցողներին:
Յարգարժան գործընկերներ,
Մեր հիմնական նպատակը Իրանի ժողովրդի դէմ կիրառւած պատժամիջոցների աղէտալի հետեւանքներից խուսափելն է: Կիրառւած բոյկոտը, ոչ միայն չի սատարել յանուն խաղաղութեանն ուղղւած նպատակներին, այլ՝ սպասւող բացասական հետեւանքների բերումով՝ կարող է յանգեցնել յարաբերութիւնների մթագնմանը եւ բարդացմանը:
ԱՄՆ-ն եւ իր որոշ եւրոպացի համախոհները կիրառւած տնտեսական-առեւտրական բոյկոտը բացատրում են որպէս Իրանի միջուկային ծրագրերի թափանցիկութեանը հասնելու լծակի:
Հասկանալով, որ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ ծագած տարակարծութեան խնդիրը կարող է եւ լինել այլ փորձագիտական ասպարէզ տանող թեմա, որի մասին խօսելը մեր իրաւասութիւնների սահմանից դուրս կարող է լինել, սակայն մենք չկիսելով կիրառւած մեխանիզմների արդարութիւնը՝ կը փորձենք արձանագրել հետեւեալ ցուցումները.
Իրանի քաղաքացիներին իրենց ազատ առեւտրի ամենանախնական իրաւունքից զրկելը մարդու իրաւունքների բացայայտ խախտում է: Երեխաների, տարեցների, հիւանդութիւններից տառապողների եւ հասարակութեան միւս անապահով շերտերի նախնական պահանջները հոգացող առեւտրի շրջանառութիւնը խափանող պատժամիջոցները յանգեցնում են անվերադարձ եւ հատուցում չունեցող կորուստների, այն էլ ի դիմաց ներկայացրած մեղադրանքի չուսումնասիրւած բոլոր հնարաւոր վնասների՝ անհնարին է մարդկային խղճի դիտանկիւնից արդարացնել այն:
Իրավիճակի շարունակութեան դէպքում ապագան չի ներելու բոյկոտի հեղինակ երկրներին տեղի ունեցած աղէտալի արդիւնքների համար: Բոլոր հնարաւոր վնասների մասին խօսելն այս նամակի համբերութեան սահմաններից դուրս է, որով ընդամէնը բաւական կը լինի նշել միայն բուժկենտրոններում եւ հիւանդանոցներում դեղորայքի չգոյութեան հետեւանքներից տուժած «յատուկ կարգավիճակով» հիւանդների մասին:
Նորօրեայ աշխարհը կանգնած է տնտեսական հսկայածաւալ շրջանառութիւնների փորձաքարի դիմաց, որտեղ տնտեսութիւնը բոյկոտի ենթարկելով՝ նպաստաւոր իրավիճակ կառաջանայ ստւերային տնտեսութեան ի յայտ գալուն հարկաւոր ենթահողի համար, որով տարածւելու են նաեւ անթափանցիկ, անօրինական եւ անարդար տնտեսաշրջանառութիւնը, ինչը, բնականաբար, անհամապատասխանելու է համաշխարհային ընթացքին, որտեղ արդարութեան համար ենթադրւում է՝ թափանցիկութիւն, պատասխանատւութիւն, արդար իշխանութիւն եւ հաղորդակցւելու ազատ իրաւունք: Պատժամիջոցները իրականութեան մէջ միայն խրախուսելու են միջազգային ընդունւած նորմերի շրջանցմանը: Իրավիճակ, որտեղ կաշառակերութիւնն ու կոռուպցիան փոխարինելու են օրինականութեանն ու հարստութեան արդար բաշխմանը, որն էլ իր հերթին տարածւելու դինամիկա ունի դէպի տարածաշրջանի հարեւան երկրներ:
Թեթեւ հայեացք նետելով անցեալում կիրառւած բոյկոտներին՝ պարզ կը դառնայ, որ թելադրող կողմին երբեք չի յաջողւել՝ արդարացնելու սպասածը: Պատժամիջոցները նոյնիսկ հակամարտութիւնների եւ մարդկային աղէտալի դէպքերի հիմնական պատճառն են հանդիսացել :
Պատմութեան ներկայ կտրւածքում, երբ Միջին Արեւելքը տառապում է իր ամենաանմխիթար վիճակից, ինչ արդարացում կարող է ունենալ դառը բանաձեւերի կրկնումը: Եւ արդեօք այն ինչպէ՞ս է սատարելու համաշխարհային խաղաղութեանը:
Իրանի պատմութիւնը կարող է վկայել, որ Իրանի ժողովուրդը միշտ եղել է խաղաղ ապրելակերպի հետեւողը եւ միշտ արձագանգել է որեւէ ոտնձգութեանն ու անարդարութեանը: Եկէք արձանագրենք, որ անկախ նշւած համաշխարհային պատմութեան փորձերից՝ բոյկոտի հեղինակների աչքից վրիպել է այս ժողովրդի պատմական եւ քաղաքակրթական հսկայական ներուժը՝ կապւած խնդրի լուծմանն ուղղւած որդեգրւած ելքի հետ:
Իրանի վերջին շրջանի նախագահական ընտրութիւնների ելքը բացառիկ հնարաւորութիւն է: Պատժամիջոցների համահեղինակների համար մօտեցումները վերանայման ենթարկելով՝ որդեգրել խաղաղութեանն ուղղւած ճկուն ելքեր, որով հնարաւոր կը լինի Իրանի ժողովրդին, ինչպէս նաեւ տարածաշրջանը հանգստացնելով՝ նորամուծութիւն մտցնել տարածաշրջանային հակամարտութիւնների դադարեցման գործում:
Իսկ մեր ակնկալիքը աշխարհի մտաւորականութիւնից, ի մասնաւորի տնտեսագէտներից եւ իրաւաբաններից ու հանրային կարծիք ձեւաւորողներից այն է, որ սատարելով խաղաղասիրական նպատակներով կեանքի կոչւած՝ «Հակաբոյկոտ»-ի այս շարժմանը՝ պատկան երկրների քաղաքական այրերին մղել վերցնելու համապատասխան առաջին դրական քայլերը՝ ստեղծւած բարդ իրավիճակը շտկելուն ուղղւած ճկունութեան գծով:
Tags: իրան
