Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է «Երևանի մեծ մրցանակ» հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի մասնակիցներին

004Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի հեծանվահրապարակում կազմակերպված ՀՀ անկախության 22-րդ ամյակին և Խաղաղության միջազգային օրվան նվիրված «Երևանի մեծ մրցանակ» հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող միջազգային մրցաշարն, ի դեպ, առաջին անգամ է կազմակերպվում Երևանում: Մրցաշարին մասնակից Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարզիկների անզիջում պայքարն ավարտվել է Հայաստանի մասնակցի հաղթանակով: 

Լավագույն երեք տեղերը զբաղեցրած մրցանակակիրներին շնորհավորել, պարգևատրել և գավաթներ է հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մրցաշարի շրջանակում «Խաղաղության շարժում» միջազգային կազմակերպության երևանյան ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով համերաշխության և խաղաղության շարժմանն աջակցելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհել է MasterPeace միջազգային շարժման Հայաստանի «Պատվավոր անդամի» կոչում:

Հանդիսավոր արարողության շրջանակում եզրափակիչ մրցավազքերին հաջորդել են նաև պարային խմբերի  ցուցադրական ելույթները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Tags: