ՀՀ Անկախության տոնին ընդառաջ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային օջախներում կազմակերպվում են տոնական միջոցառումներ:
Անկախության տոնն առանձնակի խորհուրդ ունի Երևանի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 հիմնական դպրոցում: ՀՀ ազգային հերոսի անունը կրող դպրոցում հյուրընկալվել են նաև հարևան դպրոցների աշակերտները, ովքեր հնարավորություն են ունեցել հանդիպելու, զրուցելու, նաև իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու Մովսես Գորգիսյանի կնոջը՝ Ռուզաննա Գորգիսյանին: Աշակերտները ծանոթացել են ազգային գործչի կյանքի և անցած ուղու առավել ուշագրավ դրվագներին:
Աշակերտները հարգանքի տուրք են մատուցել ազգային հերոսի հիշատակին և ծաղիկներ դրել դպրոցի բակում տեղադրված նրա հուշարձանին:
Առաջին դասարանցիները, որոնց շարքում նաև ազգային հերոսի թոռնիկ Մովսեսն էր, մասնակցել են նաև ավանդական դարձած երդման արարողությանն ու ծաղիկներ դրել այն շենքի հուշաքարի մոտ, որտեղ ապրել է Արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկ Մովսես Գորգիսյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Tags: Երևանի քաղաքապետարան
