Ապրիլի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Սուրբ խաչի երևման տոնը

Սուրբ խաչի երևման տոնըԱյսօր “Արմատ” մամուլի ակումբում Տեր Թովմա քահանա Անդրեասյանը ներկայացրեց այս տարի ապրիլի 28-ին նշվող Սուրբ խաչի երևման տոնի պատմությունն ու խորհուրդը: Քահանան նախ նշեց, որ Քրիստոսի խաչելիությունից հետո խաչը իրապես դարձել էր քրիստոնյաների փրկության սինվոլը, բայց կար ժամանակ, երբ կասկածի տակ էր դրվել թե խաչի, թե Քրիստոսի փրկելու ունակությունը. “Արիոսականները եկեղեցիներից հանում էին խաչերը՝ ասելով, որ Քրիստոսն Աստված չէր, այլ պարզապես կատարյալ մարդ, քանի որ նա “ծնվել էր”, մենք գիտենք, թե որն էր նրա սկիզբը, իսկ Աստծո սկիզբն իմանալ հնարավոր չէ, և ուրեմն, Քրիստսը չէր կարող փրկել մարդուն, հետևաբար՝ նաև խաչը չէր կարող”, – նախապատմությունը ներկայացրեց քահանան, ապա անդրադարձավ բուն տոնի նշանակությանը. “351 թվականին երկնքում երևաց լուսավոր խաչ: Նրա լույսն այնքան պարզ էր, որ ծածկեց արևի լույսը: Երևույթը տևեց մի քանի ժամ: Դա նշան էր քրիստոնյաներին, որ չուրանան խաչը: Սա է պատճառը, որ ամեն տարի Զատիկից հետո չորրորդ կիրակի օրը նշում ենք որպես Սուրբ խաչի երևման տոն՝ որպես Աստծո վկայությունն այն բանի, որ խաչը մեզ համար իրոք փրկության սինվոլ է”:
Ըստ քահանայի՝ այսօր “Եհովայի Վկաներ” կազմակերպությունը ասես նույնն է անում, ինչ ժամանակին անում էին արիոսականները՝ չեն ընդունում խաչը, բայց նա նաև նշեց, որ “Եհովայի Վկաներն” անշուշտ ավելի հեռուն են գնացել, քան արիոսականները, որովհետև ոչ միայն չեն հավատում խաչին, այլև չեն կիսում հոգու անմահության գաղափարը: