ԱՄՆ չի թույլատրել , որ Վենեսուելայի նախագահի ինքնաթիռն անցնի իր օդային սահմանով

nicolas-maduroՀինգշաբթի օրը Վենեսուելան մեղադրել է ԱՄՆ-ին Նիկոլաս Մադուրոյի ինքանթիռին Միացյալ Նահանգների օդային սահմանով անցնելու թույլատվություն չտալու համար:

Արտաքին գործերի նախարար Էլիաս Խաուան հայտնել է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները փակել են Պուերտո Ռիկոյից Չինաստան ուղևորվող Մադուրոյի ինքնաթիռի ճանապարհը:

Նա այս քայլը բնութագրել է որպես ագրեսիա և կոչ արել Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին բացատրել կատարվածը:

Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Խաուայի հայտարարությունը ճիշտ չէ՝ ավելացնելով, որ իրենք իրականում թույլատրել են վենեսուելացիներին անցնել Միացյալ Նահանգների օդային տարածքով:

Մադուրոն պետական հեռուստաալիքներից մեկով հայտնել է, որ դա լուրջ խախտում է եղել:

Վենեսուելայի նախագահը խոստացել է քայլեր ձեռնարկել, ավելացնելով, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է նաև վիզաներ տրամադրել Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակից երկրի պատվիրակության անդամներին:

Պետդեպարտամենտից հայտնել են, որ վիզաներ չտրամադրելու մասին հայտարարությունը ևս ճիշտ չէ:

Մադուրոյի այցը Չինաստան նախատեսված է շաբաթ օրը: Խաուան հայտնել է, որ իրենք այլընտրանքային ճանապարհներ են փնտրում, որպեսզի այդ այցը տեղի ունենա: