Ադրբեջանում նախագահի թեկնածուները հեռուստաբանավեճի ժամանակ սկանդալ են բարձրացրել

2Ադրբեջանում սեպտեմբերի 19-ին` նախագահի թեկնածուների հերթական հեռուստաբանավեճի ժամանակ, սկանդալ է տեղի ունեցել, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

“Ժամանակակից Մուասավաթ” կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիևը  քննադատել է Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի թեկնածու Ջամիլ Հասանլիին, վիրավորել նրան, նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաև ընդդիմության այլ առաջնորդներին: Հաջիևը ընդդիմության առաջնորդներին մեղադրել է “հայերին աջակցելու” և Ղարաբաղյան հակամարտության լուծմանը խոչընդոտելու մեջ:

Նրա ելույթի ժամանակ Հաջիևը փորձել է ընդհատել Հասանլիին և ջրի շիշ է նետել նրա ուղղությամբ: Այս ամենի արդյունքում Հաջիևին  տաղավարից  դուրս են հրավիրել:
Դուրս գալիս նա վիրավորել է ընդդիմության առաջնորդներին՝ հայհոյելով նրանց:
Հասանլին, նախքան իր խոսքը շարունակելը, հեռուստահաղորդավարից պահանջել է իրեն լրացուցիչ վայրկյան հատկացնել, ինչը հաղորդավարը հրաժարվել է կատարել՝ առաջարկելով թեկնածուին դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արդյունքում Հասանլին ևս լքել է տաղավարը: