Աշխարհահռչակ երաժիշտները Գյումրիի դպրոցի բացմանը

IMG_1101Այսօր Գյումրիում մեծ հանդիսությամբ բացվեց Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքը: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը «Do Something» կազմակերպության ղեկավար Ջոն Դին, բարերար Էդվարդ Մարդիգյանը և, իհարկե, «Deep Purple» խմբի մենակատար, լեգենդար Իեն Գիլանը` կնոջ հետ:

Թիվ 6 երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1976 թվականին: Մինչև 1988 թվականի երկրաշարժը դպրոցում սովորել է 480 աշակերտ: Երկրաշարժից երկու տարի անց` 1990 թվականից դպրոցը վերսկսել է գործել տնակային պայմաններում:
2009 թվականին «Մեդիմաքսի» հրավերով Հայաստան այցելած աշխահրահռչակ երաժիշտներ Իեն Գիլանը, Թոնի Այոմին, Ջեֆ Դաունսը և Ջոն Դին պատրաստակամություն են հայտնում օգնել դպրոցի նոր շենքի կառուցմանը:
Նրանց համերգներից ու նախագծերից ստացված հասույթների, «Մեդիամաքսի» ու ՀՕՖ –ի հետ համագործակցության շնորհիվ անցած տարի մեկնարկեց դպրոցի շենքի շինարարությունը: Ուղիղ մեկ տարի անց երկհարկանի նորակառույց դպրոցն իր դռները բացեց 250 աշակերտի համար: Այս ողջ ընթացքում դպրոցին նվիրաբերվել են նոր երաժշտական գործիքներ:
IMG_1071«Հեռավոր 1989 թվականին, երբ Ջոն Դին նախաձեռնեց «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագիծը, նա ընդամենը 24 տարեկան էր: Բայց դա չխանգարեց իրեն համախմբել ռոքի ամենաազդեցիկ աստղերին: Ասեմ ավելին, Ջոնի գաղափարն այնքան ազդեցիկ էր, որ այն կենդանի է մինչև այսօր:
Չորս տարի առաջ մենք այստեղ եկանք Ջոն Դիի, Թոմի Այոմիի, Իեն Գիլանի հետ և խոստացանք վերակառուցել այս դպրոցը:
Պետք է անկեղծ ասեմ, որ դպրոցի տնօրենը մի քիչ թերահավատ էր: Ասում էր` այս 20 տարիներին շատ մարդիկ են եկել, շատ բաներ են խոստացել, բայց մենք մեր խոստումը կատարեցինք», – գոհունակությամբ նշեց ծրագրի նախաձեռնող «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը:
«Վերջապես հասանք մեր նախաձեռնության ավարտին. Երբ տեսա այս շենքը` աչքերս թրջվեցին, որովհետև սքանչելի, գեղեցիկ, շատ լավ է ստացվել շենքը: Ես արդեն կարողանում եմ լսել երաժշտությունը:
Շենքն արդեն ավարտված է, բայց մենք Կանադայում մի բարեկամ ունենք Թիմ Էրվին անունով, ով մի անհավատալի նպաստ է բերել այս դպրոցին. նա մատակարարել է երաժշտական գործիքներ: Ես վստահ եմ, որ այստեղ կլինեն սաներ, որոնք վիրտուոզներ կդառնան: Այս մի փուլը մենք վստահաբար ավարտել ենք», – իր հերթին ասում է Իեն Գիլանը:
Բարերար-հյուրերին դպրոցի սաները բացօթյա համերգ նվիրեցին` որպես շնորհակալություն այս գեղեցիկ ու կարևոր քայլի:
Հավելենք, որ աղետից հետո երաժշտական դպրոցը գործում էր տնակներում` նեղլիկ, անհրապույր, ցուրտ ու խոնավ դասարաններում, որտեղից 1000-ավոր սաներ հնարավորություն են ստացել մուտք գործել երաժշտական ասպարեզ:
Միջոցառման ավարտին Իեն Գիլանը, Ջոն Դին և Սերժ Սարգսյանը դպրոցի բակում ծառ տնկեցին:

Tags: