Նախագահը անցկացրեց փակ խորհրդակցություն և հանդիպեց Վարդան Ղուկասյանին

IMG_1111Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր նախագահ Սերժ Սարգսյանը, ով ներկա գտնվեց թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը, ապա մասնակցեց Գյումրիում մեկնարկած «Արտէքսպո 2013» և «Արհեստագործական ավանդույթների ներկայացում – փառատոնին», որն անցկացվում է Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում:

Երկրի ղեկավարը շրջեց տաղավարներում, դիտեց ներակայցված աշխատանքները, զրուցեց արվեստագետների ու մասնակիցների հետ: Մի պահ կանգ առավ նաև Սբ. «Ամենափրկիչ» եկեղեցու մոտ: Այստեղ նախագահին դիմավորեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և առանձնացան եկեղեցու ներսում:
Փառատոնային շրջայցից հետո նախագահը փակ խորհրդակցություն անցկացրեց Գյումրու քաղաքապետարանում, որից հետո համատեղ ասուլիսով հանդես եկան քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:
«Հանրապետության նախագահին ամբողջությամբ զեկուցվեց ընթացակարգի մասին: Շինարարական աշխատանքները սեպտեմբերի 14-ից սկսված են: «Մուշ 2» թաղամասում իրականացվում են լրացուցիչ շինարարական աշխատանքներ և բնակարաններով կապահովվի շուրջ 425 ընտանիք: Շինարարության դադերցման խնդիրը կայանում էր վերանախագծման հետ: Քանի որ կառավարության 432 որոշմամբ ժամկետ էր սահմանվել մինչև 2011 թվականը, մարզպետարանի և քաղաքապետարանի առաջարկությամբ կառավարությունն ընդառաջ գնացք այդ խնդրանքին և շահառուների ճանաչման գործընթացի և փաստաթղթերը ներկայացնելու ժամկետները երկարացվեցին: Դրանից ելնելով` վերանախագծման խնդիր առաջացավ: Նախագծման աշխատանքներն ամբողջությամբ «Գլենդել Հիլզն» արդեն ավարտել է և աշխատանքները սկսվել են», – խորհրդակցությանը տեղի ունեցածի մասին ասում է քաղաքաշինության նախարարը:
Իսկ խորհրդակցության մյուս թեմաների մասին փակագծեր է բացում Շիրակի մարզպետը. «Խոսել ենք այն պետական ծրագրերի մասին, որոնք այսօր իրականացվում են Գյումրիում և մենք առաջարկել ենք այն ծրագրերը, որոնք կուզենայինք տեսնել: Հանրապետության նախագահը լսել է մեր առաջարկները, եղել են կոնկրետ հանձնարարականներ և խոստացել է, որ հաջորդ տարվա համար կատարվող աշխատանքներին լրացուցիչ գումարներ կհատկացվեն: Հիմնականը վերաբերում է կոյուղու կառուցմանը, ճանապարհաշինությանը, և կոնկրետ մի քանի շինությունների մասով, որոնք չէր ուզենա շարունակեինք: Կոնկրետ պահանջ է դրվել տնակային տնտեսություններից քաղաքը մաքրելու. մարդիկ ովքեր բնակարաններ են ստացել, այնպայման պետք է ազատեն տնակները: Աշխատատեղերի հետ կապված` ներդրումների ուղվածությունը փոխելու խնդիր ունենք: Այսօր նախագծեր ունենք աշխատատեղերի ավելացման, կան կոնկրետ ծրագրեր, ներդնողներ և առաջարկություններ: Դրանց հետ կապված մենք առաջիկայում ելույթներ կլինեն»:

Tags: