Սեպտեմբերի 20-ին Բաքվի վերաքննիչ դատարանը չի բավարարել ադրբեջանական ընդդիմադիր “Հանրապետական այլընտրանք” (REAL) շարժման առաջնորդ Իլգար Մեմմեդովի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրեն նախագահի թեկնածու չգրանցման մասին հայցը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, նիստի ժամանակ Մեմմեդովը հայտարարել է, որ բանտում նրան առաջարկել են հանդես գալ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն նախագահ Իլհամ Ալիևի: Դրան ի պատասխան` նա ասել է. “Նույնիսկ եթե իմ դիակը դուրս բերեն բանտից, ես չեմ աջակցի Իլհամ Ալիևին”:
Դատարանը Մեմմեդովի օգտին հավաքված 4500 ստորագրությունների կրկնակի փորձաքննություն էր նշանակել, քանի որ ԿԸՀ-ն դրանք կեղծ էր ճանաչել, ինչի հիման վրա էլ չէր գրանցել նրան որպես թեկնածու:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` կրկնակի փորձաքննությունն անցկացրել են արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի մասնագետները, որոնք հաստատել են ԿԸՀ-ի՝ ստորագրությունների կեղծ լինելու որոշումը՝ 40 ստորագրության տարբերությամբ:
Մեմմդովը իր կողմնակիցներին կոչ է արել պաշտպանել ընդդիմադիր կուսակցություններին միավորող ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի թեկնածու Ջամիլ Հասանլիին:
Հիշեցնենք, որ Մեմմեդովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով:
Tags: ադրբեջան
