Հանրայի խորհուրդը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը քննարկելու է նաև Մաքսային միությանն անդամակցելու հարցը

ՀԽ փոքր խորհրդի նիստՍեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ ս.թ. հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Հանրային խորհրդի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Վազգեն Մանուկյանն առաջարկել է վարչապետի հետ հանդիպմանը քննարկել Մաքսային միությանն անդամակցելու հարցը, դրա տնտեսական ու քաղաքական բաղադրիչները` միաժամանակ քննարկելով  ԵՄ Ասոցացման համաձայնագրի գործընթացը, որի մաս են կազմում նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու դրույթները:

Մանուկյանն առաջարկել է նաև վարչապետի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են արտագաղթը, կրթական, առողջապահական, քաղաքաշինական ոլորտի խնդիրները:

Հանրային խորհրդի անդամներ Վլադիմիր Մովսիսյանն ու Յուրի Ջավադյանն առաջարկել են քննարկման առարկա դարձնել Թուրքիայի հետ սահմանային ջրերի օգտագործման հարցը: Մովսիսյանի խոսքով` շատ շուտով թուրքերը կկուտակեն սահմանային ջրային ահռելի պաշար, որի դեմ Հայաստանը պետք է հակաքայլեր անի: Նրանց խոսքով`  հակաքայլեր իրականացնելու լուրջ հնարավորություններ կան, և իրենք պատրաստ են այդ առումով գործնական առաջարկներ անել,  որոնք էլ կներկայացվեն հանդիպման ժամանակ:

ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանն առաջարկել է վարչապետի հետ հանդիպմանը բարձրացնել նաև Տաղավար տոները ոչ աշխատանքային օրեր դարձնելու, փոխարենը դրանք շաբաթ օրեր տեղափոխելու հարցը` նշելով, որ դա խաթարում է բնականոն աշխատանքային հունը և խնդիրներ առաջացնում թե՛ գործատուների, թե՛ աշխատողնների համար:

Նիստի ավարտին Վազգեն Մանուկյանն առաջարկել է բարձրացվող խնդիրներն առավել համակողմանիորեն ուսումնասիրել և մինչ վարչապետի հետ հանդիպմանը ևս մեկ նիստ գումարել` որոշակիացնելու ներկայացվելիք հարցերի շրջանակը:

Tags: ,