Հայկական մշակույթի օրեր Բուխարեստում

509. Days of Armenian Culture in Bucharest  21.09.2013Սեպտեմբերի 20-ին Բուխարեստի «Դմիտրիե Գուստի» Գյուղի ազգային բացօթյա թանգարանում սկսվեցին Հայկական մշակույթի օրերը: Այն կազմակերպվում է երկրորդ անգամ, Հայաստանի ազգային տոնի շրջանակներում` Ռումինիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ Ռումինիայի Հայոց Միության ու Ռումինահայոց թեմի ջանքերով:

 

Պաշտոնական բացմանը հայոց պատմության, համաշխարհային քաղաքակրթության մեջ նրանց դերի եւ Ռումինիայի զարգացման մեջ նրանց խոշոր ավանդի մասին ելույթներով հանդես եկան թանգարանի տնօրեն տիկին Պաուլինա Պոպոյուն եւ  Ռումինահայոց միության նախագահ, Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը: Մշակութային ծրագիրը ներկայացրին պատգամավոր, խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբակցության նախագահ Վարուժան Փամբուկչյանը եւ ծրագրի կազմակերպիչներից երիտասարդ Հրանտ Ջաղինյանը:

 

Այնուհետեւ կատարումներով հանդես եկան Տիմիշոարայի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, ռումին դուդուկահար Կոսմին Բալեանը` իր «Սոնուս» եռյակով, եւ «Վարդավառ» պարախումբը:

 

Սեպտեմբերի 21-ին սպասվում են ռումինահայ հանրահայտ դաշնակահար Հարրի Դավիդյանի, իսկ հաջորդ օրը` Կարպիս եւ Գաբրիել Դեդեյան եղբայրների ջազային համերգները:

 

Եռօրյա միջոցառումները ներառում են նաեւ հայկական ավանդական արհեստների, զարդարվեստի, գեղագրության եւ խոհանոցի ցուցադրումն ու քարոզումը: Ծրագրի շրջանակներում այցելուները կդիտեն գեղանկարների եւ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսները:

 

Բուխարեստում Հայկական մշակույթի օրերի մասին ծանուցվում են կենտրոնական փողոցների վահանակների, քաղաքային տրանսպորտի վրա, լրատվամիջոցներով: Հրատարակվել են գրքույկներ, ազդագրեր եւ ծրագրեր:

 

Հայաստանին նվիրված տոնի եւ հայկական մշակույթի օրերին զուգընթաց` Ռումինիայի Արվեստի պատմության միությունը կազմակերպել է Բուխարեստի պատմության նվիրված շրջայցեր` ի պատիվ ռումինահայ հայտնի ճարտարապետներ Գրիգորե եւ Նիկոլաե Չերքեզ եղբայրների:

 

Ավելի քան կեսդարյա իր գործունեությամբ Գրիգորե Չերքեզը անջնջելի հետք է թողել ռումինական ճարտարապետության պատմության մեջ: Ունենալով գերազանց պատրաստվածություն եւ հարուտ փորձ շինարարության ոլորտում` նա բազմաթիվ ճարտարապետական գլուխգործոցներ է թողել, որոնք այսօր զարդարում են մայրաքաղաք Բուխարեստը եւ այլ բնակավայրեր:

 

Բուխարեստի ճարտարապետության արդիականացման գործում ոչ պակաս ավանդ ունի նաեւ Նիկոլաե Չերքեզը: Նրա անվան հետ են կապվում պետական եւ հանրային խոշոր հաստատությունների կառուցման խրագրերը, ինչպես նաեւ թագավորական պալատների եւ հանրային այգիների վերակառուցումը:

Tags: