Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում ՀՀ Անկախության տոնի առթիվ

անկախության  տարեդարձՀայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:
Հանրապետության նախագահին տոնի առթիվ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Սերժ Ազատի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Ձեր երկիրը նշանակալի հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային զարգացման արդիական հարցերի լուծման գործում: Աճում է Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Պատմական խորը արմատներ ունեցող ռուս-հայկական հարաբերություններն այսօր հասել են դաշնակցային գործընկերության մակարդակին և շարունակում են ակտիվորեն զարգանալ: Դա, մասնավորապես, հաստատեցին Մոսկվա Ձեր վերջերս կատարած այցի արդյունքները:

Վստահ եմ, որ մենք համատեղ ջանքերով կապահովենք երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա ամրապնդումը, կառուցողական փոխգործակցության ընդլայնումը տարբեր բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Մաքսային միությանը Հայաստանի միանալու համատեքստում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և նոր հաջողություններ, իսկ Ձեր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»:

 

Հանրապետության Նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Պարոն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ Ձեզ և ողջ հայ ժողովրդին եմ հղում երջանկության և հաջողության բարեմաղթանքներս:

Անկախությունից ի վեր Հայաստանը հաջողությամբ առաջ է ընթացել բարգավաճման և ժողովրդավարության ուղիով, շնորհիվ, մասնավորապես, Եվրամիության հետ իր վարած երկխոսության շրջանակներում իրականացված խիզախ բարեփոխումների: Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունն այդ ձեռնարկի շարունակմանը:

Ինչպես գիտեք, ես անձնապես մեծ կարևորություն եմ տալիս Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը: Ցանկանում եմ այդ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ Ձեզ հետ միասին շարունակել աշխատանքն առավել որոշակի կերպով, հատկապես տնտեսական ոլորտում:

Թույլ տվեք ընդգծել նաև այն կարևորությունը, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, տալիս է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների առաջընթացին:

Ուրախ եմ առաջիկայում Փարիզում Ձեզ հյուրընկալելու` այս թեմաները համատեղ քննարկելու նպատակով:

Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, հարգանքներիս գերագույն հավաստիքը»,-ասված է Ֆրանսիայի Նախագահի շնորհավորական ուղերձում:

Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ Հայաստանի ժողովրդին Չինաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իր անունից սրտանց շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ է հղել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը:

«Որպես Հայաստանի մեծ բարեկամ և գործընկեր, չինական կողմն ուրախ է, որ այսօր Ձեր ղեկավարությամբ հայ ժողովուրդն իր ջանքերով մեծ հաջողությունների է հասել պետականաշինության մեծ գործում: Մենք անկեղծորեն Ձեր երկրի ժողովրդին մաղթում ենք ավելի մեծ հաջողություններ պետության զարգացման ճանապարհին:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 21 տարիների ընթացքում Չինաստանը և Հայաստանը մշտապես աջակցել և փոխադարձ հարգանք են տածել միմյանց նկատմամբ, համատեղ հաղթահարել են դժվարությունները և անկեղծորեն համագործակցել: Կողմերի միջև քաղաքական փոխգործակցությունն անընդհատ ամրապնդվում է, ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը հասել է մեծ արդյունքների: Ես մեծ ուշադրություն եմ հատկացնում հայ-չինական հարաբերությունների զարգացմանը, պատրաստ եմ Ձերդ Գերազանցության հետ ամբողջ ջանքերը ներդնել հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նպատակով՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների:

Ցանկանում եմ Ձեր երկրին բարգավաճում և հզորություն, ժողովրդին՝ երջանկություն: Ցանկանում եմ քաջառողջություն և ամենայն բարիք Ձեզ»,-ասված է Չինաստանի Նախագահի ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը

 

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և համայն հայությանը՝ Անկախության տոնի առթիվ:

22 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց պատմական որոշում, որն արմատապես փոխեց նրա հետագա զարգացման ընթացքը: Վերջապես վերականգնվեց հայոց անկախ պետականությունը, որը դարեր շարունակ թվում էր անիրականանալի, վերականգնվեց սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, իր հողում իր երկիրը սեփական ձեռքերով կառուցելու հայի իրավունքը: Դա վճռորոշ քայլ էր, որի ճշմարտացիությունն ու անխուսափելիությունն ապացուցվել է այս բոլոր տարիների ընթացքում:

Հայաստանի Հանրապետությունն այսօր առաջ է ընթանում հաստատուն քայլերով՝ իրականացնելով տարբեր ծրագրեր՝ ուղղված ժողովրդի անվտանգության ապահովմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը, մարդկանց սոցիալ-տնտեսական և կենցաղային պայմանների բարելավմանը: Ես ավելի քան վստահ եմ, որ համատեղ ջանքերով, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ հայ ժողովուրդը կարձանագրի նոր ձեռքբերումներ ու կհասնի ազգային նպատակների իրագործմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք՝ ի փառս Մայր Հայաստանի զորացման ու բարգավաճման»,-ասված է ԼՂՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Tags: