ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում այսօր Գյումրիում մեկնարկեց քանդակագործության միջազգային սիմպոզիումը: Այն կրում է “Կենարար աղբյուր” խորագիրը և բաց է գաղափարների առումով:
Սիմպոզիումին մասնակցում է տասը քանդակագործ ԱՊՀ հինգ պետություններից` Հայաստան Ռուսաստան, Բելառուս, Ուրակինա, Իտալիա:
“Հայաստանը ներկայացնում են 6 քանդակագործներ, որոնցից 4-ը գյումրեցի են, մյուս երկուսը հայկական երկու մայրաքաղաքներից` Երևանից և Ստեփանակերտից: Սիմոպիզումին պրոֆեսիոնալ քանդակագործներ են մասնակցում, որոնք մեկ ամիս շարունակ կստեղծագործեն Գյումրիում”, – archive2.ankakh.com-ին հայտնեց Գյումրու քանդակագործության միջազգային սիմպոզիումի ղեկավար Արթուր Գևորգյանը:
Քանդակագործները կաշխատեն Խաղաղության օղակում գտնվող այգում, իսկ սիմպոզիումի ավարտից հետո քարե ստեղծագործությունները կտեղափոխվեն Գյումրիի Հաղթանակի պուրակի սկզբնամաս, որտեղ կստեղծվի քանդակների բացօթյա թանգարան:
“Այսօր ամենագեղեցիկ տոներից մեկն է՝ քարերի սիմպոզիումը: Արդյունքում ուեննալու ենք լուրջ քանդակներ, որոնք տեղադրվելու են Հաղթանակի պողոտայի պուրակում: Այս միջոցառումը պիտի դառնա ավանդույթ, լինի ամենամյա: Ողջունում եմ բոլորին և մաղթում, որ հաջորդ տարի մասնակցեն 20 և ավել քանդակագործներ: Գյումրին այն քաղաքն է, որն ունի դարերի խորքից եկող պատմություն և պատահական չէ, որ դարձել է մշակութային մայրաքաղաք”, – սիմպոզիումի բացման արարողության ժամանակ նշեց Գյոմրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Հենց քաղաքապետին էլ շնորհվեց միջոցառման մեկնարկն ազդարարելու պատիվը: Թեև քանդակներն ավարտելու համար ծրագրած է մեկ ամիս ժամանակ հատկացնել, սակայն քաղաքապետը փոխանցեց, որ քարերի թանգարանի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին “Գյումրու օր” ամենամյա միջոցառման շրջանակներում:
