Սրտի ստենդավորում “Գյումրի” բժշկական կենտրոնում

26Երևանի “Էրեբունի” բժշկական կենտրոնի բժիշկները “Գյումրի” բժշկական կենտրոնում կատարեցին սրտի ստենդավորման և փակ վիրահատություններ:

“Գյումրի” բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը լրատվամիջոցներին փոխանցեց, որ այժմ իրենց բժիշկները վերապատրաստում են անցնում, իսկ մինչ այդ մայրաքաղաքի մասնագետները կսպասարկեն կենտրոնի հիվանդներին. “Տեղի մասնագետները վերապատրաստվում են, 2-3 տարի հետո նրանք լիարժեք պատրաստ կլինեն աշխատանքին, քանի որ կենտրոնն արդեն ունի անհրաժեշտ սարքավորումները: Իսկ մինչ այդ Գյումրիում կաշխատեն “Էրեբունի” բժշկական կենտրոնի մասնագետները, կլինի լիարժեք ու մատչելի բուժօգնություն”:
26 035Այսուհետ, սրտաբանության հետ կապված բուժօգնության համար հիվանդն այլևս ստիպված չի լինի հասնել մայրաքաղաք՝ այն կկազմակերպվի տեղում:
“Էրեբունի” և “Գյումրի” բժշկական կենտրոնների տնօրենների կողմից այսօր նաև փոխհամագործակցության հուշագիր ստորագրվեց, որին ներկա էր նաև առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը:
Հուշագրի հիմքը նախարարի հրամանն է՝ մարզերի առողջապահության որակը բարձրացնելու և ազգաբնակչությանն ավելի նեղ մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար: Այս նպատակով հանրապետության բոլոր մարզերը համակցվելու են Երևանի խոշոր բժշկական կենտրոնների հետ: Օրինակ, Շիրակի մարզն ամրակցված է “Էրեբունի” և “Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոններին: Այսօր այդ աշխատանքների սկիզբն է: “Գյումրի” բժշկական կենտրոնը հագեցած է բոլոր սարքավորումներով և այստեղ կարելի է կատարել նույնիսկ ամենաբարդ միջամտությունները: Դժվարությունը մասնագետների հարցն է, որով մենք պետք է օգնենք բժշկական կենտրոնին և մարզի բոլոր հիվանդանոցներին: Կարող ենք նաև հեռաբժշկություն կատարել՝ ցանկացած բարդ դեպքի քննարկում, բուժման առաջարկում: Կարիքի դեպքում մեր մասնագետները կժամանեն՝ տեղում միջամտություն կկատարեն, և ոչ թե հիվանդին Երևան կտեղափոխեն: Կազմվելու է նաև մարզային այցերի ժամանակացույց, և ամեն անգամ տարբեր մասնագետներ են գալու. դա արդեն կհամաձայնեցվի տնօրինության հետ՝ ելնելով պահանջներից”, – նշեց “Էրեբունի” բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը:
Իսկ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանն էլ կարևորելով նման ծրագրերի իրականացումը` շեշտեց. “Մոտ տաս օր առաջ ես ձեզ խոստացա, որ Շիրակի մարզի այս հրաշալի կենտրոնում մենք մասնագիտական ծրագրեր ենք իրականացնելու, և այսօր այդ ծրագրերի սկիզբն է: Այս պահին “Էրեբունի” բժշկական կենտրոնի մասնագետների շնորհիվ իրականացվում է սրտի փակ վիրահատություն և ստենդավորում: Եվ այս աշխատանքն անընդհատ է լինելու: Տեղի մասնագետները կաշխատեն Երևանից եկած բժիշկների հետ և դա նրանց համար փորձի ու նոր գիտելիքների ձեռքբերում կլինի: Հաջորդ փուլում տեղի մասնագետներին կգործուղենք “Էրեբունի” կենտրոն կամ Երևանի այլ համալսարանական կլինիկաներ, որտեղ իրենց մասնագիտական ունակությունները կբարձրացնեն”:

Tags: